կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիք նոր շենքում բնակարան է ստացել

Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիք նոր շենքում բնակարան է ստացել

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարաններն առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված (կամ քանդման ենթակա) և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շենքի կառուցումն ավարտված է, շենքը հանձնված է Պետական գույքի կոմիտեի տնօրինությանը: Ըստ նախարարի՝ պետական միջոցները կազմել են շուրջ 682 միլիոն դրամ: Նախկին 2 շենքերը 38 բնակարան ունեին, այս պարագայում բնակարանների թիվը 43 է: Մակերեսային համեմատությամբ նախկին 2 շենքերի ընդհանուր մակերեսը 1800 քմ էր, նորինը՝ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ բնակմակերեսով բնակարաններ կստանան:

«Եթե նախկինում բնակիչը 2 սենյակ ուներ, հիմա ևս երկու սենյակ կունենա, ուղղակի՝ մակերեսները մեծ: Հաշվի են առնվել նաև հաշմանդամություն ունեցողների կարիքները: Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձի բնակարան կնվիրենք»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: