ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վթար գողացված մեքենայով. Տավուշի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Վթար գողացված մեքենայով. Տավուշի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առեւանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106-ը» հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ապրիլ ամսին նրանք Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի մի բնակարանից թվային ալեհավաք եւ էլեկտրական տաքացուցիչ են գողացել:

Տաքացուցիչը հայտնաբերվեց, բայց սա դեռ ամենը չէր:

 
 

Մարտ ամսին, արդեն երկուսով` 20-ամյա երիտասարդն անչափահասներից մեկի հետ, Բերդ քաղաքի մի արհեստանոցից մալուխ, արհեստագործական ու շինարարական գործիքներ էին հափշտակել:

Անչափահասներից մեկը մի քանի հանցադրվագում միայնակ էր գործել: Օրինակ, Բերդ քաղաքի մի պահեստից էլեկտրական պտուտակահան, էլեկտրական սղոց, արհեսագործական այլ գործիքներ ու շինարարական ապրանքներ էր գողացել: Մայիսի 10-ին նաեւ «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ այլ մեքենա էր առեւանգել, որով շենքի բակից դուրս գալիս բախվել էր հարկից շինությանը:

Հանցամիտներն անգամ իրար էին կողոպտել: Մարտ ամսին 20-ամյա երիտասարդը, հյուրընկալվելով անչափահաս ընկերոջը, հյուրասենյակից գաղտնի հափշտակել էր նրա բջջային հեռախոսը, օրեր անց էլ անչափահաս ընկերն էր նրան հյուրընկալվել ու բացահայտ հափշտակել հանցակցի հեռախոսը: Բայց դա չէր խանգարել շարունակելու համագործակցությունը:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: