ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանը Գագիկ Գինոսյանին «պերսոնա նոն գրատա» է ճանաչել

Վրաստանը Գագիկ Գինոսյանին «պերսոնա նոն գրատա» է ճանաչել

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, ազատամարտում Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, 1992 թվականից՝ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի անդամ, հասարակական, մշակութային գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանին, որը ծնունդով Ջավախքից է, Վրաստանն անցանկալի անձ է ճանաչել։

44-օրյա պատերազմի օրերին, երբ Գագիկ Գինոսյանը գտնվել է Արցախում, Ջավախքում մահացել է նրա մայրը, որի հուղարկավորությանը Գինոսյանը չի կարողացել մասնակցել։ Մոր շիրիմին այցելելու հնարավորություն նա չի ունեցել նաև պատերազմից հետո՝ այդ երկրի հետ ցամաքային սահմանը փակ լինելու պատճառով։ Իսկ երբ սահմանը բացվելուց հետո, մոր մահվան տարելիցի կապակցությամբ, ցանկացել է այցելել ծննդավայր, Վրաստանի իշխանություններն արգելել են նրա մուտքը՝ հայտարարելով, որ նա «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է իրենց երկրում։
 

 «Անհայտ պատճառներով։ Պատճառաբանություն չի տրվել նույնիսկ մեր պաշտոնական ներկայացուցիչներին։ Նրանք ասում են, որ մենք պարտավոր չենք ձեզ ներկայացնել, կարող եք դիմել դատարան։ Հարցնում եմ՝ եթե գործը հասնի դատարան, կարո՞ղ եմ ներկա լինել գոնե սեփական դատավարությանս, ասում են՝ ոչ, ձեր ներկայացուցիչն ունեցեք, թող ներկա լինի»,- տեղի ունեցածի հանգամանքներն է մանրամասնել Գագիկ Գինոսյանը՝ «106,5 լրատվական ռադիոյի» եթերում։

Գինոսյանը հայտնել է, որ դիմել է նաև Հայաստանի պատկան մարմիններին, սկզբում՝ ԿԳՄՍՆ-ին, որն էլ իր հերթին դիմել է ԱԳՆ, սակայն ԱԳ նախարարությանը Վրաստանից գրեթե նույն պատասխանն են տվել՝ պարզապես փաստելով, որ Գինոսյանի անձն անցանկալի է։

«Իմ խնդրանքն էր՝ թույլ տալ, որպեսզի մորս մահվան տարելիցին, որը լրանում էր հոկտեմբերի 1-ին, գոնե մեկ անգամ ներկա լինեմ, և թող ինձ հետևեն, եթե իրոք վտանգավոր բան եմ անում։ Դուրս կգամ, թող հետո իրենց սանկցիան էլի մտնի ուժի մեջ։ Սա ինձ համար պատերազմից հետո անձնական ողբերգություն է ․․․Ինձ ոչ պաշտոնապես ասել են, որ մի 3 տարի հետո նոր, երևի, կվերանայվի այդ որոշումը»,- ասել է Գագիկ Գինոսյանը։

Նա շեշտել է, որ ինքն առաջին անձը չէ, որի մուտքը Վրաստան արգելվում է․ հայի ազգային տեսակը, նրա խոսքով, Վրաստանում անցանկալի անձ է ։ Արգելվում է ազգային գաղափարախոսություն, ազգային մտածելակերպ ունեցող հայերի մուտքը այդ երկիր, այցերը՝ Ջավախք, ինչը Գինոսյանը համարել է վրացական իշխանությունների՝ թուրքամետ դիրքորոշման արտահայտում։ Գագիկ Գինոսյանն ընդգծել է նաև, որ սա ոչ թե վրաց ժողովրդի, այլ վրացական իշխանությունների դիրքորոշումն է։ 

«Սա առաջին դեպքը չէ, սա հեռվից եկող և հեռահար քաղաքականություն է։ Եթե նայենք ցանկը, թե ովքեր են արգելված մարդիկ՝ ակադեմիկոսներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, այսինքն՝ այդ ցուցակում մեկ հանցագործ չկա, մեկ վատ վարքի տեր, քրեական անցյալ ունեցող մեկ անձ չկա»,- ասել է նա։

Գինոսյանը նշել է, որ իրականում ջավախահայության համար այդպիսի գործիչների այցերը հույս են, որ հայրենիքն իրենց մասին չի մոռացել, սակայն այսպիսի սահմանափակումներով, ինչպես նաև վրացական քաղաքականության և հայկական իշխանությունների պարապուրդի մատնված լինելու պատճառով Ջավախքը՝ որպես հայ-վրացական բարեկամության հզորագույն կամուրջ, «ականապատվում» է։

  • Կիսվել: