հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը, գրում է aliq.ge-ն:

Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։

Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի վարչապետի հաջող միջնորդության մասին, որի արդյունքում հայ գերիները ազատ են արձակվել, իսկ Ադրբեջանին փոխանցվել է ականապատ տարածքների քարտեզները։ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագա ակտիվ համագործակցության համար և նշել, որ Վրաստանը աջակցում է երկխոսությանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։

Զրույցում կարևորվել են նաև ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների երկարամյա պատմությունը և գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարները։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

 

 

  • Կիսվել: