կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

Վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ 

Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Բաթումիից և այլն: Նպատակն է հայկական արժեքների քարոզման միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը: Այս տարի միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին:

Միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդների համար կազմակերպվում է քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

«Գոհար Մամիկոնյանը ողջունել է երիտասարդներին և հույս հայտնել, որ հայրենաճանաչողական այցից հետո նրանք ավելի շատ կսիրեն հայրենիքը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի պետական աջակցության համար: Ըստ նրա՝ թեև խրախուսվում է ծրագրին նոր մասնակիցների ներգրավումը, սակայն նախորդ տարիների մասնակիցները ևս ցանկություն են հայտնել այս տարի նույնպես այցելել հայրենիք: Մասնակիցներն արդեն եղել են Գոշավանքում, Սևանավանքում, Մատենադարանում: Նախատեսվում են այցեր Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, ինչպես նաև Գորիս, Խնձորեսկ, Ջերմուկ և Նորատուս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մասնակից երիտասարդներից 21-ամյա Ռաֆայել Գասպարյանը նշել է, որ չնայած առաջին անգամ չէ հայրենիքում, բայց տպավորված է այցելություններից և անհամբեր սպասում է հատկապես Տաթևի վանք այցին: Ապագա բժիշկը վստահեցրել է, որ մի օր անպայման բնակություն կհաստատի Հայաստանում: Հանդիպման ավարտին երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել կրթության ոլորտի, Վրաստանում հայապահպանությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառումն իրականացվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1115 Երիտասարդության ծրագրի» «11001. Երիտասարդական քաղաքականությանն ուղղված միջոցառումներ» բյուջետային տողով, որն ուղղված է հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությանը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանմանը և երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացմանը:

  • Կիսվել: