շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում. «Զինվորի տունը» նոր բաժանմունք ունի

Վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում. «Զինվորի տունը» նոր բաժանմունք ունի

«Զինվորի տանը» բացվեց վիրաբուժական բաժանմունք, որը կամբողջացնի բուժման ողջ ցիկլը՝  վիրահատական միջամտություններից մինչև վերականգնողական բուժում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զինվորի տանը» բացվեց 3 վիրահատարան, վերակենդանացման բաժանմունք և հետվիրահատական 7 հիվանդասենյակ՝ 14 մահճակալով։ Հիմնանորոգվել է մոտ 500 քմ տարածք:

«Բաժանմունքների հագեցվածությունը հնարավորություն կտա վերականգնողական բուժում ստացողներին ամբողջական կուրս անցնել հենց «Զինվորի տանը»՝ առանց տեղափոխվելու այլ հաստատություններ»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Բաժանմունքում ապահովված է հիվանդի վիճակի 24-ժամյա մոնիթորինգի տեխնիկական հնարավորություն և այն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց:

«Նորաբաց վիրաբուժական բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուռոլոգիական և այլ վիրաբուժական ծառայություններ: Վիրաբուժական բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Վիրահատարաններից մեկում առկա է օդափոխության լամինար հոսք, ինչը 99 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկերը»,- նշեց «Զինվորի տան» գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանը։

«Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ վիրաբուժական բաժանմունքը հիմնանորոգվել է Հայ Օգնության Միության ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչության, Միացյալ նահանգներում գործող Family Rescue Fund-ի և Նազ Բաշքիջյան-Աթիկյանի աջակցությամբ, մասնակցել են նաև Բելգիայի կառավարությունը, One Armenia կազմակերպությունը, Veterans of Armenia բարեգործական հիմնադրամը, Face of Angel կազմակերպությունը: Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքներում ներառել են ևս երկու շինության կառուցում, որոնք պլանավորում են իրականացնել 2023 թվականին:

  • Կիսվել: