Վեճի ժամանակ 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նրան հոսպիտալացնելիս ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։
Բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ն․-ն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 3-ին՝ ժամը 22։30-ի սահմանում, Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն․-ի և Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Էդմոն Ա․-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն․-ին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդմոն Ա․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ երբ Արման Ն․-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, ինչպես նաև այն, թե կա՞ն վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ։