ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)

ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռքբերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել է հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան  100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։   

 

Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրաված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: