երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերջին տարիներին Արթիկի ԲԿ-ն համալրվել է նեղ մասնագետներով, ինչի արդյունքում դիմելիությունը եռակի բարձրացել է․ ԲԿ տնօրեն

Վերջին տարիներին Արթիկի ԲԿ-ն համալրվել է նեղ մասնագետներով, ինչի արդյունքում դիմելիությունը եռակի բարձրացել է․ ԲԿ տնօրեն

InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո շաունակում է ներկայացնել մարզային բուժհաստատությունների աշխատանքները՝ առողջապահության ոլորտում վերջին տարիներին մեկնարկած ապակենտրոն ռազմավարության ներքո ուսումնասիրելով գրանցած հաջողությունները և առկա խնդիրները։ Շիրակի մարզի առողջապահական ոլորտի ուսումնասիրությունը սկսեցինք Արթիկի ԲԿ-ից՝ զրուցելով բուժկենտրոնի տնօրեն ԲԱԲԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Մարտիրոսյան, բնակչությունը հաճախ չի վստահում մարզային բկ-երին, գերադասելով հավելյալ գումար և ժամանակ ծախսելով, մեկնել մայրաքաղաք ավելի որակյալ բուժօգնություն ստանալու համար: Այս համատեքստում Դուք, ղեկավարելով Արթիկի հիվանդանոցը, կարողանո՞ւմ եք կոմպլեքս բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, որպեսզի պացիենտները մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմելու անհրաժեշտության առաջ չկանգնեն։ Մարզային իշխանություններից որևէ աջակցություն ստանում եք Բ\Կ-ի աշխատանքը ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

-Ժամանակին առողջապահական ոլորտում զարգացումները և նորարարությունները տեղի էին ունենում անհամաչափ՝ հիմնականում կենտրոնանալով Երևան քաղաքում, ինչը շատ մասնագետների ստիպեց մասնագիտական հմտությունների զարգացման և առաջխաղացման համար շեշտը դնել Երևանում և այլ խոշոր քաղաքներում աշխատելու վրա։ Վերջին տարիներին գերատեսչությունների վարած ռազմավարության արդյունքում ակտիվացել է մարզային բժշկական կենտրոնների աշխատանքը, որի արդյունքում հնարավոր է դարձել մարզային բժշկական կենտրոններում ստանալ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում առավել մատչելի պայմաններով։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզային բժշկական հաստատությունները համալրվում են նորագույն բուժսարքավորումներով, ակտիվ բարեփոխումներ են իրականացվում ընտանեկան բուժսպասարկման ոլորտում։ Նպատակային օրդինատուրայի ծրագրի շնորհիվ մարզային բժշկական կենտրոնները համալրվում են նեղ մասնագետներով։

Կառուցվում են կամ կառուցապատման նախապատրաստական փուլում են գտնվում նոր և ժամանակակից մարզային բժշկական կենտրոններ, այդ թվում և կառուցման նախապատրաստական փուլում է գտնվում Արթիկի բժշկական կենտրոնի համար նախատեսված ժամանակակից հիվանդանոցը։

Нет описания.

-Ինչպիսի՞ ժառանգություն էիք ստացել եւ ինչի՞ եք հասել այսօր։

-Ինչպիսի՞ ժառանգություն: Դա բոլորիս հայտնի պետական հիմնարկների ստանդարտ վիճակն էր, իսկ այն, թե ինչի ենք հասել այսօր, կարծում եմ տեսանելի է մեր հիվանդների համար։ Այնպես որ այդ հարցի ամենաօբյեկտիվ գնահատականի հասցեատերերը թերեւս մեր այցելուներն են։

-Ի՞նչ բժշկական ծառայություններից կարող են օգտվել համայնքի բնակիչները այցելելով «Արթիկ» ԲԿ։

-Վերջին մի քանի տարիների ընթացքում Արթիկի բժշկական կենտրոնը համալրվել է բազմաթիվ նեղ մասնագետներով, ինչի արդյունքում դիմելիությունը եռակի բարձրացել է, և մատուցվում են նախկինում երբևէ չմատուցված նեղ մասնագիտական ծառայություններ։ Արթիկի բժշկական կենտրոնում մատուցվում են հետևյալ ծառայությունները․ ընտանեկան բժշկություն, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, ներզատաբանական, հոգեբուժական ամբուլատոր ծառայություններ, ինչպես նաև վիրաբուժական, ԼՕՌ/քիթ-կոկորդ-ականջաբանական/, վնասվածքաբանական, անոթային վիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական ստացիոնար ծառայություններ։

Մարզային իշխանությունների, մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ ակտիվ քննարկվում և հաստատման ենք ներկայացնում բարեփոխումների և զարգացման ծրագրերը, ստանում համապատասխան ցուցումներ, որի արդյունքում բուժսպասարկման որակը քայլ առ քայլ դառնում է ավելի ժամանակակից և արդյունավետ։

-Պարոն Մարտիրոսյան, բոլոր ժամանակներում մարզային բուժկենտրոններում խնդիրներ են եղել հատկապես դժվարամատչելի հետազոտությունների եւ բարդ վիրահատությունների պարագայում։ Դուք, որպես Բ\Կ-ի տնօրեն, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։

-Դժվարամատչելի հետազոտությունների հարցում ունենք ծրագիր, այն է՝ նոր կառուցվելիք շենքը համալրել դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու համար նախատեսված տեխնիկայով, ինչը, իհարկե, պետք է իրագործվի մարզային իշխանությունների և կառավարության աջակցությամբ։

Կան բազմաթիվ ծրագրեր՝ կապված բժշկական կենտրոնը վերազինելու և նորանոր նեղ մասնագիտացված ծառայություններ մատուցելու հետ, որի մեծ մասը իրականացնելու ենք նոր կառուցվելիք շենքում, քանի որ ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս ընդլայնել ծառայությունները։

Ի ԴԵՊ․

Մենք հարցազրույցից դուրս տեղում փորձեցինք հիվանդներից հետաքրքրվել բկ-ի աշխատանքի մասին։ Տեղի բնակիչները հիմնականում գոհ էին մատուցվող ծառայություններից․ «Հատկապես վեւրջին 2-3 տարվա ընթացքում փոփոխությունները նկատելի են, թե բուժաշխատողների վերաբերմունքն է հիվադների նկատմամբ փոխվել, թե բուժծառայությունների մասով ունենք առաջընթաց։ Առաջ մի արյան անալիզի համար վազում էինք կամ հայրաքաղաք կամ մայրաքաղաք, որովհետեւ չէինք վստահում ստեղի անալիզներին, բայց հիմա փառք Աստծո 100 տոկոս ճշգրտությամբ գալիս են պատասխանները։ Անելիքներ շատ կան, բայց էն ինչ հիմա ունենք շատ մեծ առաջընթաց է համեմատած 2018թ․-ից առաջ ունեցածին»,- վստահեցրեց ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկը։

  • Կիսվել: