կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած

Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը դեռ փակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«500 բեռնատար ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ է սպասում ճանապարհը բացվելուն, 1000 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– նշեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դեպի Լարս տանող ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն որոշ ժամանակ անց այն փակվեց բեռնատարների համար։

Իր հերթին Sputnik Грузия-ն, հղում անելով Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին, հայտնում է, որ Վերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։ Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 3276 բեռնատար։

Հաղորդվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների համար։ Սահմանափակումները մտցվել են ձյան և մերկասառույցի պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

 

 

  • Կիսվել: