ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերապատրաստման դասընթացի մասնակից ռուսաց լեզվի ուսուցիչները վկայականներ են ստացել

Վերապատրաստման դասընթացի մասնակից ռուսաց լեզվի ուսուցիչները վկայականներ են ստացել

«Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է գործընկերներին և մասնակիցներին վերապատրաստման դասընթացների իրականացման առթիվ և նշել, որ իր համար չափազանց հաճելի է այդ կարևոր միջոցառմանը ներկա լինել:

«Ամիսներ առաջ, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք ուսուցիչների վերապատրաստման համատեղ նախաձեռնությունը, հենց այդ փուլում ակնհայտ էր, որ դրա բացը կա, և շատ կարևոր էր, որպեսզի նմանօրինակ վերապատրաստումները վերադառնան մեր կյանք և դառնան ուսուցչական գործունեության ու մասնագիտական զարգացման անբաժանելի մաս: Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը համընկավ ուսուցիչների վերապատրաստման քաղաքականության այն փոփոխությունների հետ, որոնք թույլ են տալիս ձեզ՝ որպես այս ծրագրի մասնակիցներ և այս ծրագրի մասնակցության ավարտին արդեն վկայականներ ստացած ուսուցիչներ, փոփոխությունները զգալ ձեր մաշկի վրա»,- ասել է նախարարի տեղակալը և անդրադարձել վերապատրաստման նոր կարգին, որով հնարավորություն է տրվում նախորդ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչների հավաքած միավորներն ու կրեդիտները հաշվառել և դիտարկել դրանք պարտադիր փաստաթղթային ատեստավորման պարագայում:

Ժ. Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ վերապատրաստման դասընթացը կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները, որոնց ուսուցիչները մասնակցում են կամովին, դառնում են հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը և այդ միջոցով դիմելու տարակարգի ու առաջիկայում ներդրվող մասնագիտական խրախուսման տարբեր գործիքների:

«Ուսուցիչները պետք է լինեն մեր կողքին և մեր կարևոր գործընկերը, ինչի շնորհիվ կկարողանանք փոփոխություններ իրականացնել ոլորտում»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նախարարությունը մեծապես գնահատում է ուսուցչի կատարած աշխատանքը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ վերապատրաստման դասընթացներն արդյունավետ և օգտակար կլինեն ուսուցիչների համար:

Տեղեկացնենք, որ մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

«Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը փաստել է, որ իրենց կենտրոնը պատրաստ է հետագայում ևս աջակցելու ուսուցիչների վերապատրաստման գործընթացին։

Դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցիչները: Վերապատրաստման ծրագիրը ներառում էր լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:

Դասընթացներն անցկացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսները՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:

  • Կիսվել: