երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վերանայված չափորոշիչներն ու ծրագրերը կկիրառվեն բոլոր ուսհաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում. «Փաստ»

Վերանայված չափորոշիչներն ու ծրագրերը կկիրառվեն բոլոր ուսհաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ: Նշվում է, որ հանրակրթության պետական չափորոշիչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուստարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:

 

2021 թ.-ից փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, դրա ներդրման գործընթացում ծագած բովանդակային խնդիրներին լուծում տալու, որոշ ձևակերպումներ փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել, որոնք ծագել են ինչպես չափորոշիչը և դրանից բխող առարկայական չափորոշիչները և ծրագրերը գործարկելու, այնպես էլ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերի ընդունման արդյունքում (սովորողների գնահատման, հաստատությունների ֆինանսավորման, նախագծային ուսուցման և այլն): Մասնավորաբար, որոշման մեջ բաց է անհատական (ընտրովի) բաղադրիչին վերաբերող կետը, լրացման կարիք ունի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների, ներառյալ խելամիտ հարմարեցումների (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ) ապահովման վերաբերյալ կարգավորումը:

 

Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել հենքային ուսումնական պլանը, որը վերաձևակերպվել է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոններ» կապակցությամբ (նոր չափորոշչի տրամաբանությամբ օրինակելի կամ հենքային ուսումնական պլանները փոխարինվելու են ընդհանրական կանոններով, որոնցից օգտվելով յուրաքանչյուր ուսհաստատություն պետք է կազմի իր ուսումնական պլանը՝ սովորողների ընտրությամբ, հաստատության առանձնահատկություններից ելնելով), ուստարվա ընթացքում սովորողների գնահատմանը վերաբերող ձևակերպումները, խմբագրումներ կլինեն ուսումնական ծրագրերին, խմբակներին և նախագծերին, ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակների մասով: Արդյունքում ակնկալվում է սովորողների ուսումնառությունը կազմակերպել վերանայված պետական չափորոշչով: 2023-2024 ուստարում վերանայված չափորոշիչներն ու ծրագրերը կկիրառվեն ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: