կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վտանգված է փաստաբանի անկախությունն ու գործունեությունը. Սիմոն Բաբայան

Վտանգված է փաստաբանի անկախությունն ու գործունեությունը. Սիմոն Բաբայան

Մեր հերթական հանդիպումն էլի դրական թեմայով չէ, մենք խոսում ենք հերթական անգամ փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Նրա խոսքով՝ նախորդ դեպքից 4 ամիս անց․ հերթական դեպքն է գրանցվել.«Ոստիկանական բաժանմունքում փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ենթարկվում է բռնության։ Հերիք չի՝ ենթարկվում է բռնության, նրա նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ, որը մեզ համար անընդունելի է։ Ուրեմն, փաստաբանն արձագանքում է տիրող ապօրինություններին և դրա պատճառով ենթարկվում է բռնության։

Ուզում եմ արձանագրել, որ վերջին տարիներին մենք նմանատիպ ինտենսիվությամբ նմանատիպ դեպքեր, առհասարակ, չենք ունեցել։ Կարծես թե, մենք վերադառնում ենք 90-ական թվականներ։ Ես ուզում եմ հստակ պատկերացնեն բոլորը՝ թե՛ պետական իշխանության մարմինները, թե՛ ոստիկանության աշխատակիցները, որ այս երևույթն անթույլատրելի է։ Փաստաբանական համայնքը հաստատ արձագանքելու է, արձագանքելու է համարժեք»։

Սիմոնյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ն իրավական պետություն է և որևէ մեկն այդ իրավական եզրույթն այսօր չի վերացրել.«Մենք մնալու ենք իրավական պետություն, մենք իրականացնելու ենք մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա փաստաբանական պալատը միշտ լինելու է նրանց կողքին։

Ինձ համար տարակուսելի է նաև մեր միջազգային կառույցների վարքագիծը։ Մենք տարբեր հարթակներով համագործակցում ենք մեր գործընկերների հետ, և միջազգային կառույցները, կարծես թե, ջանքեր են գործադրում, որպեսզի դատաիրավական համակարգը ՀՀ-ում բարելավվի։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ դեպքի կապակցությամբ մենք դիմել էինք այդ մարմիններին և զրո արձագանք։ Նախկինում այդ մարմինները բավականին արագ արձագանքում էին այդպիսի դեպքերին, իսկ հիմա՝ ոչ։ Այսօր վտանգված է փաստաբանի անկախությունը, նրա գործունեությունը, և սա մեզ համար անթույլատրելի է»։

  • Կիսվել: