ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
224 մլն դրամ կհատկացվի մարզերում 23 կրթական հաստատության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով

224 մլն դրամ կհատկացվի մարզերում 23 կրթական հաստատության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով

Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն դրամ գումարի չափով, որը կուղղվի Վայոց ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիրների ստեղծմանը և դպրոցների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Այսպիսով՝ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 23 հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կապահովվի կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ: Նախարարը հիշեցրել է, որ վերջին ամիսներին մենք արդեն 3 նմանատիպ որոշում ենք կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ:

«Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130, որտեղ կսովորեն շուրջ 40 հազար աշակերտ։ Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ բնակավայրերում համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը:

«Ենթադրենք ունենք կրթահամալիր և կրթահամալիրի գոտում գտնվող բնակավայր, որտեղ բնակչությունը մեծ չէ: Մենք այդտեղ կրթության հնարավորությունը ստեղծում ենք, մեր հաջորդ միտքը պետք է լինի, որ այդտեղ ճանապարհի խնդիրը լուծենք: Ինչպես պայմանավորվել ենք՝ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի, որ այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում՝ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական հեռավորության վրա հասանելիություն պետք է ունենա նաև ամբուլատոր ծառայությունը: Հիմա մենք ճանապարհը կառուցում ենք, կրթահամալիրը ստեղծում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղում մենք ունենք շատ քիչ բնակչություն: Բնակարանների գնման վկայագրերով և բնակարանների կառուցման ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Հիմա այն բնակավայրերում, որտեղ մենք պետական ներդրումներ ենք անում, բայց այդ բնակավայրերում բնակչության թվի խնդիր ունենք, այն մյուս ծրագրերը պետք է վերաձևակերպենք և ահա կոնկրետ անունով բնակավայերի պարագայում բոնուս ավելացնենք: Այսինքն՝ այդտեղ բնակարան ձեռք բերելը կլինի ավելի մատչելի շահառուի համար: Սա մեզ հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքների համար համաչափ զարգացման մեր ծրագիրը դարձնել առավել ամբողջական»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են նաև գրավիչ լինել Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ հայրենադարձության ծրագրերի իմաստով: «Հիմա, երբ այս ծրագրերն արդեն ընթացք են տրվում, այս գյուղերում, այս բնակավայրերում արդեն երկրորդ, երրորդ շերտի գործողությունները պլանավորելու մասին պետք է մտածենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ բնակավայրերում պետք է լուծվեն նաև այլ հարցեր ևս, մասնավորապես՝ ինտերնետի ապահովման, մարզասրահների, լողավազանների ստեղծման:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ բնակավայրերում առկա խնդիրներին ծանոթանալուն օգնում են նաև մարզային այցերը. «Այդ առումով ես ուզում եմ կարևորել մեր այցերը տարբեր բնակավայրեր, տարբեր գյուղեր, որովհետև շատ բան կա՝ այստեղից այլ կերպ է երևում, երբ գնում ես տեղում ես տեսնում՝ բոլորովին այլ կերպ է երևում: Մենք պետք է կարողանանք այս ծրագրերը զարգացնել՝ մարդկանց, քաղաքացիների պոտենցիալ շահառուների հետ անմիջական կապի և շփման արդյունքում»:

  • Կիսվել: