չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
«Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ». ԿԳՄՍ նախարարը՝ Փաշինյանի հայհոյախառն գրառումներին մասին

«Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ». ԿԳՄՍ նախարարը՝ Փաշինյանի հայհոյախառն գրառումներին մասին

Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը և ավելացնելու որևէ բան չունեմ։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 2–ին, ԵՊՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ «Կրթությունը նորաձև է» արշավի մասնակից, երկրի վարչապետը հայհոյում է հոգևորականին։

«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։

Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը։

Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու վարչապետի կողմից նաև հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»։

Ինչ վերաբերում է եկեղեցիների՝ չոլանացված լինելու մասին վարչապետի հայտարարությանը, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք։

Քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, ով որ գտնվում է հուշարձանի տարածքում և, օրինակ, աղբ է գցում։ Քանիսն է մեզնից մոտեցել և ասել, որ դա չի կարելի անել։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացած մարդկանց տեղ և մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտեինք։ Դա տեղի է ունենում մեր կողքը, մեր բոլորի ներկայությամբ և մասնակցությամբ, և ավելի լավ է, եթե մենք այդ խնդիրներից խոսենք, խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, դա կարծում եմ ավելի քան ակնհայտ է»։

Հարցին՝  հայհոյանքը կրթելու գործընթացում օգնու՞մ է, նախարարն արձագանքեց. « Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ։ Դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը։ Մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր և որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ և դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով»։

 

Նա հավելեց, որ այդ գործընթացը պետք է սկսեն բոլորը։

  • Կիսվել: