հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

COVID-19-ի պատճառով ստեղծված իրավիճակում այսօր պետական կազմակերպություններն ու տարբեր գերատեսչություններ կիրառում են որոշակի քայլեր՝ իրենց աշխատողներին համավարակից պաշտպանելու համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ ԿԳՄՍՆ-ում, կառուցվածքային ստորաբաժանումներում եւ ենթակայությամբ գործող կազմակերպություններում աշխատանքներն իրականացվում են պարետատան ցուցումներին համապատասխան։

 
 

Այն հարցին, թե այս կառույցներում հատկապես ի՞նչ է իրականացվում՝ չվարակվելու համար, նշվել էր միայն ԿԳՄՍՆ-ի մասին։ Ըստ այդմ՝ համավարակի կանխարգելման նպատակով աշխատակիցների մուտքը նախարարություն թույլատրվում է ջերմաչափումից հետո, դիմակի, ձեռնոցի առկայության եւ ձեռքերը մուտքի մոտ տեղադրված ալկոգելով ախտահանելու դեպքում։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ գրասենյակային պայմաններում պետք է բացառել մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, աշխատասեղանների միջեւ ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Անհրաժեշտ է օրական երկու անգամ կատարել աշխատողների ջերմաչափում, 2 ժամը մեկ ապահովել տարածքի բնական օդափոխությունը։

Ըստ նույն որոշման՝ օրական 2 անգամ անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները եւ այլն։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համավարակի կանխարգելման նպատակով գնել են կանխարգելիչ միջոցառումների մասին 2 ցուցապաստառ, 2 ջերմաչափ, 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 70 լիտր ախտահանող նյութ եւ մուտքերին ամրացնելու համար ալկոգելի 2 տարա։

Այն հարցին արդյոք նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պարտավո՞ր են աշխատակիցներին ապահովել դիմակով, ախտահանող նյութերով, պատասխանեցին, որ կանխարգելիչ միջոցները տրամադրում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ գրավոր զեկուցագրերի համաձայն (հերթապահների թվին համապատասխան)։

Մեզ, սակայն, չհաջողվեց պարզել, թե օրական քանի դիմակ կամ ձեռնոց պետք է ստանան աշխատակիցները։

  • Կիսվել: