երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։

Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով:

Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների պատրաստակամության համար:

«Նախորդ տարի մեկնարկեցինք ուսուցչական տարեկան համաժողովները, քանի որ ուսուցիչներին և դպրոցներին լսելը, նրանց փորձը դիտարկելը շատ կարևոր ենք համարում։ Նմանօրինակ համաժողովներն առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, գաղափարներ կիսելու և մասնագիտական հարցեր քննարկելու հարթակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել համաժողովների մասնակցության շուրջ հետաքրքրության մեծացումը:

Նախարարը շեշտել է՝ կրթության ոլորտի վրա մի շարք այլ գործոններ են ազդում, ինչպես, օրինակ՝ տեխնոլոգիական և սոցիալական զարգացումը, որն ի հայտ է բերում տարբեր մարտահրավերներ:

«Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, որոշների պարագայում, ինչպես, օրինակ՝ արհեստական բանականության, դեռևս պարզ չէ՝ ինչպես արդյունավետ արձագանքել, և ինչպես պետք է փոխվի կրթությունն արհեստական բանականության գործիքների կիրառության պարագայում: Ընդ որում՝ մենք արդեն իսկ ունենք սովորողներ, որոնք այդ գործիքները կիրառում են:

Պետք է հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի և ուսուցչի դերը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները: Ստեղծագործական միտքն ու հարցերի բաց քննարկումը շատ կարևոր են լուծումներ գտնելու ճանապարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում երեք կարևոր շեշտադրում է արել: Առաջինը վերաբերել է պաշտպանական և անվտանգային հարցերին:

«Կրթությունն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխանը և էապես բաձրացնել երկրի անվտանգային մակարդակը՝ առաջին հերթին մրցունակ քաղաքացիներով: Մարդկանցով, որոնք գիտեն, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, ճկուն են, ստեղծագործ և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու: Մրցունակ և պատրաստված քաղաքացի ձևավորելը կրթական համակարգի առաջնային խնդիրն է:

Բայց պետք է նաև հասկանանք, որ դպրոցներն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այդ պաշտպանությունն առաջին հերթին հանրային խոսույթում կրթության համակարգի հանդեպ նրբանկատությունն է, որի ձևավորումը նաև ջանք է պահանջում: Կրթական համակարգի մասին հանրային խոսույթը պետք է նպաստի խնդիրների լուծմանը՝ առանց նսեմացնելու համակարգում աշխատող մարդկանց և այն ահռելի աշխատանքը, որ արվում է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է նաև ուսուցիչների պաշտպանության խնդիրը. «Տևական ժամանակ մտածել ենք, որ մեր ուսուցիչների և մանկավարժների նկատմամբ ունենք ավանդական հարգանք և հեղինակության ընկալում: Այո, հարգանքը վաստակում են, բայց ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք:

Կարիք ունենք փոխելու ծնողների հետ աշխատանքի մեթոդները: Պետք է հասկանալ, թե կրթության կազմակերպման գործընթացում ինչպես պետք է ընդգրկել ծնողներին, որպեսզի այդ աշխատանքից շահի առաջին հերթին երեխան, շահի կրթությունը, և ոչ թե ունենանք իրավիճակ, երբ ծնողների մասնակցությունը վերածվում է կոնֆլիկտի»:

Նախարարն ընդգծել է՝ պետք է ապահովվեն օրենսդրական և ինստիտուցիոնալ բոլոր լծակները, որպեսզի ուսուցիչները դպրոցներում լինեն պաշտպանված:

«Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուսուցիչների համար դպրոցը դառնա հաճելի, ապահով և սիրված աշխատանքային միջավայր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի մյուս կարևոր շեշտադրումը վերաբերել է երեխաների պաշտպանության խնդրին: Նա ընդգծել է՝ խնդիրները ոչ թե անհատական են, այլ համակարգային:

«Պաշտպանությունն առաջին հերթին երեխաների պատրաստվածությունն է՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը և նախաձեռնողականությունը: Պետք է բավարար իմաստուն և նրբանկատ լինել և կարողանալ նրանց ուղղորդել՝ առանց ճնշելու, աջակցել՝ առանց վնասելու, հետևել՝ առանց ազատությունը սահմանափակելու: Սա է կրթական համակարգի դերը: Դպրոցական կյանքը չի ավարտվում միայն դասարաններում, և մեր աշխատանքն էլ պետք է չավարտվի դասասենյակում»,- ասել է նախարարը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, փաստել է, որ կրթության ուղին սկսվում է դպրոցից:

«Ուսուցիչն աշակերտի առաջին առաջնորդն է, առաջին օրինակն ու առաջին ոգեշնչողը։ Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ոչ միայն ուսուցանում եք, այլև ձևավորում եք մտածողության մշակույթ, որն աշակերտն իր հետ բերում է համալսարան։ Այդ մշակույթն է, որ հիմք է դառնում պատասխանատվության, գիտության, նորարարության և առաջընթացի համար։ Մեր աշխատանքները փոխկապակցված են, և դպրոցի աշխատանքից ուղղակիորեն կախված է նաև համալսարանի աշխատանքի որակը»,- ասել է ռեկտորը և հավելել, որ Երևանի պետական համալսարանը միշտ պատրաստ է համագործակցել հանրակրթության համակարգի հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանում կրթական համակարգի բարելավմանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ հաջող համագործակցությամբ աջակցելով կրթության բարեփոխումներին»։

Նա ներկայացրել է իր մանկավարժական փորձը՝ ուսուցիչներին խորհուրդ տալով համագործակցել այլ գործընկեր ուսուցիչների հետ՝ փորձարկելով նորարարական մեթոդներ ու չվախենալով դրանք ձախողելուց։

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն ու ԵՄ-ին երկարատև համագործակցության համար։ «Նորարարական տեխնոլոգիաները, բացի ռիսկերից, նաև հնարավորություն են ուսուցչիների համար՝ կրթական գործընթացը կազմակերպելիս։ Վստահաբար, դրանք առավելագույնս կնպաստեն ուսուցման որակի բարելավմանը՝ մանկավարժական զարգացման հետ ձեռք ձեռքի քայլելով։ Մեր գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում ենք նպաստել այդ միջավայրի ապահովմանը»,- ասել է Քրիստինա Վայգանդը։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն, որին հաջորդել է պլենար նիստ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքները, ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման տեսլականը:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր թեմաներով:

  • Կիսվել: