հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին

Ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.

«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:

Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել նրանց, նրանց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել եւ նա փորձել է սաստել սադրիչներին:

 

Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միջոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուրսընկերները:

Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»:

Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:

  • Կիսվել: