չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ:

Ռուսական դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեի Ռուսաստանի ԱԳՆ կանչը տեղի է ունեցել գերմանական իշխանությունների հայտարարության ֆոնին, ըստ որի, Ռուսաստանը մեղավոր է ճանաչվել Լայպցիգի օդանավակայանում դրոնների հետ կապված միջադեպի համար:

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացվել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է Բեռլինի՝ Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լիովին անհիմն մեղադրանքները, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Գերմանիայի հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան։ Բեռլինը միտումնավոր սադրանք է սկսել՝ ուղղված երկկողմ հարաբերությունների սրմանը:

Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և Բեռլինում Ռուսաստանի տունը փակելու որոշումը քայլ էր դեպի Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների վերջնական խզումը»,-նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Նախարարությունը հայտնում է, որ Մոսկվայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ գերմանական իշխանությունների կողմից հակառուսական գործողությունների և հայտարարությունների ֆոնին։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի երկու կասկածյալ են բացահայտել, հաղորդում է «Süddeutsche Zeitung» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Կասկածյալները, ենթադրաբար, Ռուսաստանից ծագումով Լատվիայի քաղաքացի են և ռուսական անձնագիր ունեցող Բելառուսի բնակիչ։ Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի համար և հայտարարել է հակազդեցությունների մասին։

  • Կիսվել: