Հուլիսի 10-ին, Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հերթական աշխատանքային այցն են կատարել Ախալքալաք, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքում՝ «Մեսխ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների միջև, որոնք զբաղվում են երեխաների խնդիրներով, հանդիպումը կայացել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի և «UNICEF Georgia» հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումը տեղեկատվական բնույթ է կրել՝ քննարկումների ձևաչափով: Քննարկվել են այն իրավախախտումները, որոնք Ախալքալաքի մունիցիպալիտետում կատարվել են երեխաների նկատմամբ, օրինակ՝ կարտոֆիլի բերքահավաքի ընթացքում երեխաների աշխատանքը, ինչը սահմանափակում է շատ երեխաների այդ ժամանակահատվածում կրթության հասանելիությունը: Քննարկվել են Ջավախքում գյուղատնտեսական աշխատանքներում երեխաներին ծնողների կողմից շահագործման պատճառներն ու հետևանքները:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համագործակցության պայմանագիր «UNICEF Georgia»-ի, Օմբուդսմենի գրասենյակի և Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների միջև: Որոշվել է ավելի խորը ուսումնասիրել Ջավախքում մանկական աշխատանքի շահագործման խնդիրները: