ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր, Մալխաս Ամոյանի մոտ գերհոգնածություն էր․ Արմեն Բաբալարյան

Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր, Մալխաս Ամոյանի մոտ գերհոգնածություն էր․ Արմեն Բաբալարյան

Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր եւ շատ ուրախացրեց բոլորիս: Եթե չլինեին Մալխաս Ամոյանի, Սլավիկ Գալստյանի պարտությունները, արդյունքները կարելի էր համարել բավարար: Իմ կարծիքով՝ մեր պարտությունների պատճառը շատ մարզումներն էին: Կոնկրետ Մալխաս Ամոյանի դեպքում ես նկատեցի գերհոգնածություն: Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը պետք է չեմպիոններ դառնային:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն ամփոփել է Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունը:

 

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկի եւ 1 բրոնզ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Կարեն Ասլանյանը (63 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Գեւորգ Թադեւոյսանը (87կգ):

«Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր եւ շատ ուրախացրեց բոլորիս: Եթե չլինեին Մալխաս Ամոյանի, Սլավիկ Գալստյանի պարտությունները, արդյունքները կարելի էր համարել բավարար արդյունքները: Հնարավոր էր անել  ավելին: Կարելի է հասկանալ, որ մարզիկը չի կարող ամբողջ տարին լավագույն մարզավիճակում լինել: Իմ կարծիքով՝ մեր պարտությունների պատճառը շատ մարզումներն էին: Կարծում եմ՝ տղաների մոտ գերհոգնածություն էր: Ամեն դեպքում տղաներն ամեն ինչ արեցին: Կոնկրետ Մալխաս Ամոյանի դեպքում ես նկատեցի գերհոգնածություն: Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը պետք է չեմպիոններ դառնային: Բայց երեւի գերհոգնած էին, ճիշտ չէին վերականգնվել:

Կարեն Ասլանյանից ես ավելի շուտ էի սպասում այսպիսի հաղթանակներ, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր: Քաշային կարգ փոխեց, նախկինում 67 կգ-ում էր հանդես գալիս: Այս մրցելույթով նա ապացուցեց, որ աշխարհում համար առաջին ըմբիշն է իր քաշային կարգում: Նա գործով ապացուցեց դա:

Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) թիմի երկարատեւ անդամներից մեկն է, մասնակցել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, Մ23 աշխարհի փոխչեմպիոնն է: Նրա մոտ էլ երկար ժամանակ չէր ստացվում: Այս մրցաշարում նա ապացուցեց, որ խոսք ունի ասելու այս քաշային կարգում:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) առաջին հաղթանակը տարավ ռուս Կուտուզովի նկատմամբ: Երկրորդ գոտեմարտում Ղազախստանի ներկայացուցիչի հետ էր գոտեմարտում, 1:0 հաղթում էր: Այնտեղ մի տարօրինակ բան կատարվեց աշխատանքային գոտու մոտ: Մալխասը փորձեց հնարք կատարել, ղազախ ըմբիշը ոտքը դուրս դրեց եւ հնարք կատարեց: Մենք բողոքարկեցինք: Իմ կարծիքով՝ երկուսի հնարքներում էլ միավոր չկար, բայց գնահատեցին երկու, երկու միավոր էլ ոտքերի համար, ու հաշիվը դարձավ 4:1 մրցակցի օգտին: Մալխասն ամեն ինչ արեց, որ գոտեմարտը հետ բերի, բայց չստացվեց:

Կոնկրետ Ամոյան Մալխխասի մոտ ես նկատեցի գերհոգնածություն: Բայց Հայաստանում չունենք այնքան բժշկական ռեսուրս: Միայն պետք է տսնել, թե Իրանի Ռուսաստանի թիմը  ինչ բժշկական անձնակազմով եւ լաբորատորիայով են գալիս մրցաշարերի: Պետք է բարձրացնեմ այդ հարցը: Տեսանելի է հոգնածությունը, բայց ես չգիտեմ՝ ինչպես մարզիկին հանել այդ վիճակից, ինչ դեղորայքներով եւ բժշկական լուծումներով օգնել մարզիկին: Այս առումով Հայաստանում սպորտային բժշկությունը դեռ մի քիչ կաղում է:

67 կգ քաշային կարգում մեր ֆավորիտներից Սլավիկ Գալստյանն էր մասնակցում: Այստեղ ունենք խնդիր: Երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում հանդիպեց Ուզբեկստանի ներկայացուցիչին: Երկու ամիս առաջ միջազգային մրցաշարում Գալստյանը հաղթել էր ուզբեկ ըմբիշին մաքուր հաղթանակով: Այստեղ 1:4 հաշվով պարտվեց: Կարծում եմ՝ այն տակտիկան, որը մենք առաջարկեցինք եւ նա չկարողացավ կատարել մարզչական առաջադրանքները: Բրոնզե մեդալի համար պայքարի ժամանակ Գալստյանն ունեցավ երկու հնարավորություն գոտեմարտը փոխել դեպի մեր կողմը, ցավոք, չստացվեց: Սլավիկը շատ հզոր է, բոլորը գիտեն: Մրցեց աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր կուբացի ըմբիշին, ում պարտվել էր նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Այստեղ ավելի շատ էին հաղթելու շասները: Սլավիկն ուներ բավականին փորձ, հզոր զենք պարտերում: Երկու կարեւոր պահ կորցրին: Սխալ թույլ տվեց եւ պարտվեց: Այն առաջադրանքը, ինչ-որ տվել էինք իրեն, ոչ լիարժեք կատարեց, այդ պատճառով զրկվեց մեդալից:

Մյուս քաշային կարգերում Նորայր Հախոյանը (55 կգ) մեկնարկում հավասար պայքարում պարտվեց:  Մ23 Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60կգ) երկու հաղթանակ տանելուց հետո, երրորդ գոտեմարտում պարտվեց օլիմպիական մեդալակրին: Սուրենը երիտասարդ է, բայց արդեն ցույց է տալիս շատ լավ որակներ մեծահասակների պայքարում: Ինձ համար ցավալի էր Սուրենի պարտությունը: Սուրեն Աղաջանյանն արժանի էր ոչ միային մեդալի, նաեւ չեմպիոնության: Հոգեբանական առումով մինչեւ վերջ պայքարելու կամք չդրսեւորեց:

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) մեծահասակների մեջ դեռ փորձի պակաս ունի: Սամվել Գրիգորյանը (82 կգ) պայքարեց, բայց չօգտագործեց իր հիմնական զինանոցի հնարքը:

97 կգ քաշային կարգում բոլորը գիտեն, որ Արթուր Ալեքսանյանը հետվիրահատական շրջան է անցնում: Նրան փոխարինեց Մ23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը: Օլիմպիական չեմպիոն Սարավիի հետ գոտեմարտեց: Հավատում էի, որ կպայքարի, հաղթանակ կտոնենք, բայց նորից մեր մարզիչների մշակած գոտեմարտը, առաջադրանքը Հայկը չկատարեց եւ պարտվեց:

Արթուր Ալեքսանյանը երբ վերականգնվի, հաջորդ օրը սկսելու է մարզվել: Արթուրին բոլորս գիտենք, իրեն չխնայելով, իր կյանքը դնելով մարզվում է, աշխատում եւ շարունակում իր պայքարը»,- ասաց Արմեն Բալարյանը:

  • Կիսվել: