շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ

Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ընդհանուր բյուջեի 98,4 տոկոսը. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան ոլորտային հաշվետվությունը:

«Այս պահի դրությամբ ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածի բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 95,7 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կազմել են 88,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը` 7,6 մլրդ դրամ:

Անդրադառնալով ոլորտի քաղաքականության մշակմանը` ՆԳ նախարարի տեղակալը խոսել է համակարգում իրականացված կառուցվածքային մեծածավալ փոփոխությունների մասին: Ոստիկանությունը զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` ի դեմս պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, ոստիկանական գվարդիայի եւ համայնքային ոստիկանության:

2023 թվականի հոկտեմբերին հանրապետությունում ներդրվել է Պարեկային ծառայությունը, իսկ դեկտեմբերին գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը Սեւանա լճի հատվածում եւ առափնյա շրջանում իրականացնում է հասարակական կարգի անվտանգության ապահովում եւ հատկապես կենտրոնացած է ապօրինի ձկնորսության դեպքերի կանխարգելմանը: Պարեկային ծառայությանը զուգահեռ ձեւավորվել եւ ներդրվել է նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնը:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է համակարգում կրթական վերապատրաստումների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ մշակվել եւ հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձեւավորման հայեցակարգը` ՆԳ նախարարի հրամանով: Հայեցակարգի հիման վրա մաշակվել է նոր օրենքի նախագիծ, որն անցել է միջազգային փորձաքննություն: Ատեստացիան եւս ներդրվել է թե' ոստիկանական համակարգում եւ թե' փրկարար ծառայությունում:

«Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում, հանցավորության դեմ պայքար» միջոցառման համատեքստում 2023 թվականին գրանցվել է 40,666 հանցագործության դեպք, ընդ որում` նախորդ տարվա համադրությամբ 8 տոկոսով ավելի է»,- տեղեկացրել է ՆԳ նախարարի տեղակալը` հավելելով, որ 2023 եւ 2024 թվականները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների եւ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ:

Հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ դրա իրականացման` 2023-2026 թվականների գործողությունների իրականացման ծրագիրը:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացվել է նախադեպը չունեցող լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանք, որին մասնակցել են  Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ: Նպատակն է դեպի ծով ելք չունեցող պետությունների դեպքում սերտացնել միջազգային համագործակցությունը եւ ցանկացած աղետի դեպքում ապահովել ավելի արագ գործընկերություն ու արձագանք:

ՆԳ նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով գաղտնալսման հնարավորությանը` որպես օպերատիվ աշխատանքի կազմակերպման լուրջ գործիքի, ոստիկանության աշխատակիցների` թմրամիջոցների թեստավորմանը, մայիսի 28-ին ԱԺ պատգամավորի նկատմամբ ոստիկանների իրականացրած բռնությանը, դեպքի առնչությամբ հարուցված վարույթին, հանցավորության դեմ պայքարում դրական արձանագրումներին, համակարգում պարգեւատրումներին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման միջոցառում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետությանը:

Համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով

  • Կիսվել: