ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայից Հայաստան ժամանած Հարութն Արցախյան 44-օրյա պատերազմից սովորել է ավելի գնահատել ունեցածը

Ուկրաինայից Հայաստան ժամանած Հարութն Արցախյան 44-օրյա պատերազմից սովորել է ավելի գնահատել ունեցածը

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից տղաների հետ հարցազրույցի համար արդեն մի քանի անգամ այցելել եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս անգամն էլ բացառություն չէ: Նյութիս հերոսը 1 տարեկանից Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ապրած Հարություն Թումասյանն է, որը հայրենիքին ծառայելու համար Հայաստան է ժամանել ու ստացել ՀՀ քաղաքացիություն:

Նա Արցախյան 44-օրյա պատերազմում 32 օր կռիվ տալուց հետո վիրավորվել է ոտքի հատվածում, վիրահատվել Ստեփանակերտում ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը: Այժմ բուժում է ստանում ու տարբեր դասընթացների է մասնակցում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

Մեր այցի օրը SMM-ի դասընթացի վերջին, ավարտական օրն էր, Հարութն էլ ստացավ հավաստագիր, սակայն դեռ չգիտի` կշարունակի այդ մասնագիտությամբ աշխատել, թե ոչ: 

Հարութի կյանքի 22 տարին անցել է Ուկրաինայում

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարութը պատմեց, որ ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Մեկ տարեկան է եղել, երբ ծնողները որոշում են կայացրել տեղափոխվել Ուկրաինա և այնտեղ բնակություն հաստատել: Այնտեղ Հարութը հաճախել է և՛ մանկապարտեզ, և՛ դպրոց, և՛ համալսարան: Հենց Դոնեցկում էլ տարիներ անց ծնվել է փոքր եղբայրը՝ Անդրանիկը, որն արդեն 15 տարեկան է: Վերջինս դեռ դպրոցում է սովորում:

«Ապրել ենք Դոնեցկ քաղաքում: 25 տարի առաջ, երբ ծնողներս տեղափոխվել են Ուկրաինա, նման որոշում են կայացրել, քանի որ քեռիս, տատիկս ու պապիկս արդեն այնտեղ հաստատված են եղել: Կանչել են մեզ, ու ես էլ 1 տարեկան եմ եղել այդ ժամանակ: Տարիներ անց ծնվել է նաև եղբայրս, մեր ընտանիքը 4 հոգուց է բաղկացած: Հայրս վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, մայրս էլ տնային տնտեսուհի է: Այժմ բոլորս Հայաստանում ենք ապրում, և ծնողներս նույն գործով են զբաղվում: Ընտանիքս նույնպես վերադարձել է հայրենիք, իմ՝ այստեղ ծառայելու ու հետագայում նաև ապրելու որոշումով պայմանավորված: Գուցե ծնողներս ժամանակ առ ժամանակ գնան ու գան, սակայն դա էլ մեր այնտեղի տան հետ կապված խնդիրները լուծելու համար»,- նշեց նա:

Խոսելով դպրոցական տարիների մասին` Հարութն ասաց, որ իր համար չեն եղել այնպիսի առարկաներ, որոնք շատ սիրեր կամ ընդհանրապես չսիրեր: Միշտ մտածել է՝ անհրաժեշտ է բոլոր առարկաների մասին պատկերացում ունենալ, քանի որ ինչպես ինքն է ասում՝ ինչ-որ պահերի դրանք փոխկապակցված են միմյանց:

«Մարդ պետք է ամեն ինչից մի քիչ, մի քիչ իմանա, որպեսզի աշխատանքի ժամանակ տեղյակ լինի ամեն ինչից: Հատկապես, եթե անձն ուզում է սեփական բիզնես ունենալ, այդ ժամանակ նման գիտելիքները բավականին օգնում են»,- նշեց Հարութը: 

Նրա եղբայրը՝ Անդրանիկը, այժմ սովորում է Էջմիածնի հայկական դպրոցի ռուսական դասարանում։ Ասաց, որ նա արդեն կարողանում է հայերեն լավ կարդալ ու գրել:

«Ես կարողանում եմ հանգիստ խոսել, բայց երբ հերթը հասնում է մայրենի լեզվով գրելուն ու կարդալուն՝ դժվարանում եմ։ Ծնողներիս շնորհակալ եմ, որ գիտեմ իմ լեզուն, իրենց հետ տանը միայն հայերեն ենք շփվել, թեկուզ եղել է օրը 2 ժամ, սակայն հենց այդ երկու ժամն է օգնել ինձ ու եղբորս լեզվին լավ տիրապետել, բայց մտածում եմ ռուսերեն կամ ուկրաիներեն։ Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում ամեն ինչ սովորել եմ ուկրաիներեն, խոսել եմ ուկրաիներեն և ռուսերեն, հայերեն խոսելու հնարավորություն եղել է միայն տանը»,- ընդգծեց Հարութը։ 

 
Video Player
 
 

Էությամբ հանգիստ ու հավասարակշռված է Հարութը

Պատմեց, որ մանկությունը շատ հետաքրքիր է անցել, անգամ մանկապարտեզի տարիներն է հիշում ու փորձում է միշտ մաքսիմալ դրականը քաղել ամեն ինչից: Չարաճճի չի եղել, բավականին հանգիստ է եղել, հիմա էլ է այդպիսին: 

«Միշտ փորձում եմ ավելի կշռադատված լինել, խուսափել կռիվներից ու բացատրելով խնդիրը լուծել: Սակայն եթե բանը հասնի ծեծկռտուքին, ապա կառաջնորդվեմ մի սկզբունքով՝ «Если драка не избежна – бить нужно первым» (Եթե ծեծկռտուքն անխուսափելի է, ապա պետք է առաջինը հարվածես – հեղ.): Եղբայրս իմ հակապատկերն է, ինքը հաճախ դպրոցից գալիս էր որևէ մեկի հետ կռիվ արած: Մի անգամ ձնագնդիկով խփել էին նրան, դուրը չէր եկել ու կռիվ էր արել: Ինքն ավելի էմոցիոնալ է ու հիպերակտիվ»,- պատմեց Հարութը:

Մանկուց տարբեր սպորտաձևերի է հաճախել

Փոքր ժամանակ ցանկացել է սպորտսմեն դառնալ, մտածել է՝ գուցե պրոֆեսիոնալ լողորդ, քանի որ մի քանի տարի լողի է հաճախել ու շատ է սիրել այդ սպորտաձևը:

«Շատ էի սիրում լողը, մոտ 8-9 տարեկանից մի քանի տարի հաճախել եմ: Այդ ժամանակ ինձ հետ մի դեպք պատահեց, խեղդվում էի, դրանից հետո վախ առաջացավ մոտս ու սկսեցի չհաճախել լողի: Այլ սպորտաձևերով էլ եմ հետաքրքրված եղել, սակայն մի քանի ամսով՝ կարատե, քիք-բոքսինգ: Այդ պարապմունքները դադարեցրել եմ, քանի որ ինչ-որ պահից սկսել են դուր չգալ»,- պատմեց մեր նյութի հերոսը:

Հետո իր համար հետաքրքրություն է գտել տնտեսագիտության, բիզնեսի ոլորտներում, ընդունվել է Դոնեցկի տնտեսագիտության և առևտրի ազգային համալսարան: Բակալվարն ավարտելուց հետո, եկել է Հայաստան, ստացել քաղաքացիություն, որպեսզի գնա ծառայության։ Ասաց, որ գիտակցված է արել այդ քայլը, քանի որ իր կարծիքով բանակը տղամարդու կյանքում մեծ դեր է խաղում, կյանքի նոր փուլ է, որտեղ ավելի ինքնուրույն են դառնում:

Ծառայության սկզբում մի փոքր դժվար է եղել միջավայրի փոփոխությունը

Ծառայել է Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ): Խոսելով բանակային կյանքին հարմարվելու մասին, Հարութը պատմեց, որ անգամ ՀՀ-ում ծնված և մեծացած տղաներն են դժվարություններ ունենում այդ առումով։ Իր համար մի փոքր ավելի դժվար է եղել, քանի որ այլ երկրում, այլ միջավայրում է մեծացել:

«Ես ամբողջ կյանքս ապրել եմ Ուկրաինայում, ինձ համար տարբեր էր ամեն ինչ, կարծես մի քանի քայլ հետ գնայի, փոքր ինչ լեզվի խնդիր էլ կար, սակայն այդ ամենը սկզբում էր, իսկ հետո հարմարվեցի»,- ասաց Հարութը:

Մասնագիտությամբ հրաձիգ է եղել։

1 տարի 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է

«Սեպտեմբերի 27-ը կիրակի օր էր, սովորական մեր առօրյան պետք է լիներ, ու առավոտյան 7-ի սահմաններում մեր զորամասում պայթյուն եղավ, ինչից հետո բոլորս հավաքվեցինք ու գնացինք դիրքեր։ Պատերազմին մասնակցել եմ 32 օր, վիրավորվել եմ հոկտեմբերի 28-ին։ Բեկորային վիրավորում եմ ստացել երկու ոտքից, սակայն բարեբախտաբար դրանք միջանցիկ են եղել»,- վերհիշեց նա։

Այդ վատ վիճակում հաճախ հումորներ են արել, քանի որ ինչպես ինքն է ասում՝ սթրեսային վիճակում միայն դա է փրկում։ 

«Պատերազմից մոտ 20 օր անց որոշակիորեն այն արդեն սովորական է դարձել ինձ համար։ Մի խոսք կա, ասում են 21 օր նույն բանն անելով դառնում է սովորություն, նույնն էլ իմ դեպքում էր՝ այդ պայթյունի ձայները, օրվա մեջ ընդամենը 2 ժամ քնելը կամ ընդհանրապես չքնելը …»:

Անկեղծանում է, որ վախ բնականաբար սկզբում եղել է, բայց այդ պարագայում վախն իր համար դարձել է ինքնապաշտպանություն ու սկսել է մտածել, որ անպայման պետք է իր ու կողքին գտնվողների կյանքը պաշտպանի։

Խոսելով վիրավորման մասին, Հարութն ասաց, որ մարմնում այս պահին բեկոր չկա, սակայն աջ ոտքի ծնկի ոսկորը բավականին վնասվել է։ Մեկ վիրահատություն է եղել՝ Ստեփանակերտում, հետո՝ հոկտեմբերի 29-ին, նրան տեղափոխել են Երևան:

Երևանից արդեն զանգել է ծնողներին ու ասել, որ վիրավորվել է։ Պատերազմի օրերին, երբ հնարավորություն է ունեցել, միշտ զանգել է տուն ու ասել, որ ամեն ինչ լավ է, անգամ այն դեպքում, երբ ամեն ինչ շատ վատ է եղել։ 

«Հայրս ու մայրս, երբ եկան հիվանդանոց, շատ էին հուզվել, դե երևի սովորական զգացողություն է ծնողի համար իրենց երեխային այդ վիճակում տեսնելիս։ Սակայն նրանք այդ ժամանակ և՛ տխուր էին, և՛ ուրախ, քանի որ որքան էլ վիրավորում էի ստացել, բայց ողջ էի։ Կարծում եմ, հիմա այդքան էլ լավ չեմ պատկերացնում իրենց զգացողությունները, քանի որ ինքս դեռ ծնող չեմ»,- նշեց Հարութը։ 

Հետաքրքրությունները շատ են

Անկեղծացավ ու ասաց, որ նախկինում գրքեր առաջ շատ չի կարդացել, ժամանակը չի ներել։ Ուկրաինայում ապրելու տարիներին միաժամանակ սովորել է համալսարանում ու աշխատել։ 

«Վեբ-դիզայներ եմ եղել։ Այժմ այստեղ ժամանակ ունենում եմ ու սկսել եմ ավելի շատ կարդալ։ Վերջին գիրքը, որ կարդացել եմ եղել է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ Բավականին ուսուցանող գիրք է, յուրաքանչյուր մարդ իր ձևով կարող է ընկալել այդ գիրքը, նայած, թե ինչ մտածելակերպ ունես։  Դաշնամուր նվագել եմ սովորում, կիթառ։ Միշտ ցանկացել եմ, սակայն ինչ-որ հարցեր խանգարել են, այժմ չեմ ուզում հնարավորությունը բաց թողնել ձեռքիցս։ Այստեղ հաճախել եմ նաև SMM-ի դասերի, սերտիֆիկատ ստացա։ Ծրագրավորում նույնպես փորձեցի սովորել, սակայն մի քանի պարապմունք գնալուց հետո հասկացա, որ ինձ չեմ տեսնում այդ ասպարեզում»,- ընդգծեց Հարութը։ 

Թիթեռների պատրաստման դասերի էլ է հաճախել, ասաց, որ հետաքրքիր է եղել, անգամ մեկ կոմպոզիցիա է սարքել։ Շեշտեց, որ այդ աշխատանքը պետք է նուրբ կատարել, բայց պարզել է, որ ինքը նման հմտություն չունի (ծիծաղում է)։ 

Զինվորի տանն օրերը բավականին հագեցած են լինում

«Այստեղ մշտապես զբաղված ենք, դասընթացներ, բուժման կուրսեր: Վիրավորումս եղել է ոտքի հատվածում, ու աջ ոտքիս ծունկն ամենաշատն էր վնասվել: Այստեղ եկա այն վիճակում, որ ոտքս չէի կարողանում նորմալ շարժել, քայլակով էի, հետո կամաց-կամաց սկսեցի ձեռնափայտով տեղաշարժվել, իսկ հիմա, արդեն 2 օր է ինչ լրիվ ինքնուրույն եմ քայլում: Դեռ դժվար է, ցավեր լինում են, բայց ամեն ինչ անցողիկ է, չեմ նեղվում»,- նշեց Հարութը: 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում օտար լեզուներ նույնպես ուսումնասիրում է:

Պատերազմից քաղած դասերը

«Պատերազմն ինձ սովորեցրեց գնահատել ամեն օրը, որ դու ապրում ես, գնահատել այն, ինչ ունես։ Մարդիկ կան, որ գուցե ուրախանան, որ բնակարան ունենան, մեքենա կամ որևէ այլ բան, սակայն նման բաների միջով անցնելուց հետո հասկանում ես, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ուրախանալ նաև ունեցած ամենափոքր բանով»,- ասաց նա:

Անկեղծացավ՝ նախկինում այդքան էլ չէր գնահատում անգամ ժամանակը, դեպքեր են եղել, երբ նստել ու սպասել է մինչև ինչ-որ մի բան տեղի ունենա, իսկ այժմ լրիվ փոխել է հայացքները շատ հարցերի շուրջ։ 

  • Կիսվել: