Դասադուլ՝ Պուշկինի անվան դպրոցում
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից շարունակվում է դեռևս նախորդ շաբաթ սկսված դասադուլը։
Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին՝ աշխատանքից ազատելու որոշումը։
Դպրոցում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ ի պաշտպանություն տնօրենի։ Ծնողների խոսքով մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է
պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։
«Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։
Ընթանում է մրցույթային գործընթաց»,- ասել է նա։ Նրա խոսքով, մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը։
«Դպրոցի նախկին տնօրենը երեկ հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Բայց սա չի նշանակում, որ նոր մարդ է նշանակվում, նոր ժամանակավոր պաշտոնակատար և այլն։ Դա բացարձակ սուտ է, ոչ մի նման պլան, ցանկություն ու անհրաժեշտություն չկա։ Պարտականությունները կատարող, ինչպես նաև տնօրեն նշանակում կամ ազատում է Երևանի քաղաքապետը։ Ես կոռեկտության կոչ եմ անում այդ դպորցի ուսուցիչներին, ծնողներին, այդ
լուրերն ուղղակի թող անտեսեն, որոշում կայացնողից առաջ չընկնեն, ենթադրություններ չանեն»,- ասել է Մարգարիտա Խաչատրյանը։