Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում քննարկելու իրավիճակը Դոնբասում
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում քննարկելու իրավիճակը Դոնբասում՝ սադրանքները կանխելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիևը հույս ունի, որ կոնտակտային խմբի հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին: Նա նշել է, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ հրադադարը վերականգնելու համար։
՛՛Մենք հուսով ենք, որ նման հանդիպում տեղի կունենա վաղը: Մենք պատրաստ ենք աշխատել, պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի, և խաղաղ բնակչությունը չտուժի՛՛,-ասել է Վերեշչուկը:
Իր հերթին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն ասել է, որ Կիևից Դոնբասի ազատագրման հրաման չեն ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ՛՛Ռոսիա 24՛՛-ի եթերում ասել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
Հիշեցնենք, որ Պուշիլինը հայտարարել էր, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կազմակերպում է բնակչության զանգվածային տարհանում ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ:


