շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ու՞ր պետք է դիմեն շահառուները անպտղության հաղթահարման անվճար ծրագրից օգտվելու համար

Ու՞ր պետք է դիմեն շահառուները անպտղության հաղթահարման անվճար ծրագրից օգտվելու համար

Անպտղության հաղթահարման անվճար ծրագրից օգտվելու համար առողջապահության նախարարություն դիմելու կարիք չկա, պետք է ընտրել համապատասխան կլինիկա, և դիմել այնտեղ, իսկ մնացած թղթաբանությունը կատարվում է արդեն կլինիկայի և նախարարության միջև։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Այսինքն, կլինիկայում ձևավորված հանձնաժողովը գնահատում է քաղաքացու կարիքները, բոլոր թղթերը պատրաստում է, ներկայացնում է նախարարություն, նախարարությունում հրաման է տրվում, և գործընթացը շարունակվում է», – ասաց նա։

Այս ծրագրով պետպատվերը տեղադրվել է 5 բուժհաստատությունում։ Դրանք են «Շենգավիթ» ԲԿ–ն, «Աստղիկ» ԲԿ–ն, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Ֆերտիլիտի» բժշկական կենտրոնը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում հնարավոր է բուժկենտրոնների քանակի ավելացում։

Խոսելով այն մասին, թե որքանով են պատրաստ բուժկենտրոնները սպասվող հոսքին, Նունե Փաշայանը նշեց, որ բուժկենտրոնները աշխատելու են հերթագրման սկզբունքով, ու եթե շահառուն մեկ ֆինանսական տարում չհասցնի ստանալ բուժօգնությունը, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ հաշվառվելու պահից նա ունի երկու տարի ծրագրից օգտվելու համար։

  • Կիսվել: