ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Հայաստանի դպրոցներում սպառողական կրթության բաղադրիչ ներդնելու ուղղությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքներ են սկսվել։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Շուշան Սարգսյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքների իր պատկերացումը։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ համագործակցության շրջանակներում սկսվել են աշխատանքները Հայաստանի Հանրապետության դպրոցներում ներդնելու սպառողական կրթական բաղադրիչը»,- նշել է Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ՝ նախատեսվող ուղղություններից մեկը դպրոցներում սպառողական խմբակների ներդրումն է, մյուսը՝ սպառողական կրթության բաղադրիչի ներառումը հանրակրթական չափորոշչում, այնուհետև՝ համապատասխան բովանդակության ընդգրկումը դասագրքերում։

Սարգսյանը կարևորել է իրազեկման և կրթական միջոցառումների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են իր իրավունքներին իրազեկ, պատասխանատու և գիտակցված սպառողական մշակույթ ձևավորելու համար։

Անդրադառնալով սպառողների պաշտպանության հետագա քայլերին՝ թեկնածուն անհրաժեշտ է համարել զարգացնել անհատական իրավունքների պաշտպանության և փոխհատուցման մեխանիզմները։ Որպես հնարավոր միջոցներ՝ նա առանձնացրել է սպառողական վեճերի հաշտարարի ինստիտուտը, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացումը և թվային գործիքների կատարելագործումը։

Սարգսյանը ներկայացրել է նաև «Սպառողի օգնական» հարթակի աշխատանքը։ Նրա խոսքով՝ այն կապում է սպառողներին, տնտեսավարողներին, ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին և իրավաբանական գրասենյակներին, որոնք անհատական վեճերի լուծման հարցում անվճար աջակցություն են ցուցաբերում։

Հետագա աշխատանքի մեկ այլ ուղղություն է պետական գնումների ոլորտում մրցակցային խախտումները բացահայտելու թվային գործիքների զարգացումը։

«Ամբողջ վերլուծությունը և բացահայտումներն իրականացվում են մեծապես մարդկային ռեսուրսներով, և թվային գործիքակազմը շարունակում է մնալ սահմանափակ»,- ասել է Սարգսյանը։

Նա անհրաժեշտ է համարել էլեկտրոնային գնումների համակարգը համալրել մեծածավալ տեղեկատվություն վերլուծելու գործիքներով և ալգորիթմներով, որոնք կօգնեն հայտնաբերել խնդրահարույց վարքագծային օրինաչափություններ ու հնարավոր փոխկապակցվածության մասին վկայող հանգամանքներ։ Դրանք հետագայում կարող են ուսումնասիրվել որպես ռիսկային գործոններ։

Ամփոփելով նախորդ տարիների աշխատանքը՝ Սարգսյանն անդրադարձել է նաև նորակառույցներից բնակարաններ ձեռք բերող քաղաքացիների շահերի պաշտպանությանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրությամբ արձանագրվել են դեպքեր, երբ պայմանագրերում ներկայացվել են միայն բնակարանին վերաբերող պայմանները՝ առանց շենքի ընդհանուր ենթակառուցվածքների, հարակից և ընդհանուր օգտագործման տարածքների վերաբերյալ դրույթների։ Հանձնաժողովն առաջարկել է այդ տեղեկությունները դարձնել պայմանագրի անբաժանելի մաս, իսկ հետագա փոփոխությունները համաձայնեցնել գնորդների հետ։

«Առաջարկվել է սահմանել որոշակի ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը կպարտավորվի անհատույց վերացնել հետշինարարական փուլում ի հայտ եկած խնդիրները»,- հայտնել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առաջարկների զգալի մասը ներառվել է մշակվող օրենսդրական նախագծում, իսկ մյուս մասը դեռ քննարկվում է։ Ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հարցերով հարուցվել է շուրջ 20 վարչական վարույթ, որոնցից երեքն ավարտվել է, իսկ 17-ը դեռ ընթացքի մեջ է։

Շուշան Սարգսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

 

  • Կիսվել: