հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տյառնընդառաջը` Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)

Տյառնընդառաջը` Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, գրում է akhaltskha.net-ը:

Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցական կանոնի համաձայն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նախատոնակ. ժամերգություն եւ նորապսակների օրհնության կարգ։  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը  մեկնաբանում է տոնի հոգեւոր հիմքը. «Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը»։

Ժամերգությունից հետո, եկեղեցու բակում վառվեց խորհրդանշական կրակը։ Ազգագրական պարերով հանդես եկավ Առաջնորդական Փոխանորդության «Զարթոնք» համույթը, այնուհետեւ նորապսակները թռան կրակի վրայից։

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:

Տոնի ժողովրդական հիմքն ավելի հին է։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից:

Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակներըփոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում երեկոյան խնջույքի համար:

Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Տոնին առընչվող ավանդույթները այսօր էլ Ջավախքում պահպանվում են. ընդունված է նվերներով այցելել նորափեսայի տուն, հիմնական կերակրատեսակը «խեծաղն» է՝ բոված ցորենը՝ մեղրով եւ այլ քաղցրահամ ուտեստներ։

 

  • Կիսվել: