երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակների տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է թանգարանի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ աշխատանքներ կատարող քաղաքացիներից մեկը կոտրվածքներ ունի, սակայն նա փլատակների տակ չէ։

Դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Հրանտ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Ավետիսյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: