երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ծեծկռտուք Արարատի մարզում. մասնակիցների մեջ են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետը, «Խան Սամոն» ու «Էրեբունցի Ծյոմը»

Ծեծկռտուք Արարատի մարզում. մասնակիցների մեջ են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետը, «Խան Սամոն» ու «Էրեբունցի Ծյոմը»

Ապրիլի 16-ին պաշտոնյաների մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,​ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «կանաչ կիրակի» ​կոչվող տոնին Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Մակիտոն Հակոբջանյանի որդին՝ ​ 19-ամյա Տիգրան Հակոբջանյանը, Վարդաշեն գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել է Լանջազատ​ գյուղի բնակիչներ 17-ամյա Դավիթ Նազարյանի, 25-ամյա Հրահատ Նազարյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի, 25-ամյա Ֆրունզե Հովհաննիսյանի, 25-ամյա Միշա Այվազյանի և 24-ամյա Էդվարդ Այվազյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են) հետ և ​ ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը նշված ծեծկռտուքի հետ կապված հարցի շուրջ Արևշատ գյուղում գտնվող Ծիրանի այգիներում Մ. Հակոբջանյանը, վերջինիս եղբայր 48-ամյա Հրայր Հակոբջանյանը, ով Արտաշատ խոշորացված համայնքի փոխհամայնքապետն է, «Խան Սամո» ​ մականվամբ Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանը, Լանջազատ գյուղի բնակիչ 27-ամյա Նարեկ Նիկողոսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Մկրտչյանը, 44-ամյա Ստեփան Նիկոլյանը, ով Արևշատ համայնքի համայնքապետն է, և նրա որդի՝ 19-ամյա Գոգոլ Նիկոլյանը ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանի հետ վիճաբանած և ​ նրան ծեծի ենթարկած նշված անձանց:

Ոստիկանությունում ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիճաբանությանը միջամտել է Երևանի բնակիչ, 51-ամյա «Էրեբունցի Ծյոմ» մականվամբ Արտեմ Ավագյանը, ում այդ հարցով դիմել է Էդվարդ և Միշա Այվազյանների հայր, Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Նահապետ Այվազյանը: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել ​ նաև, որ նշված հավաքի ժամանակ Հ. Հակոբջանյանն ու ​ Ս. Բարսեղյանը, Ա. Ավագյանի և Ն. Այվազյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել Է. Այվազյանին և նվաստացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: