շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծեծի են ենթարկել 65-ամյա քաղաքացու. կասկածյալը հանրությանը հայտնի «ատամներով ծանրություն քաշողն» է

Ծեծի են ենթարկել 65-ամյա քաղաքացու. կասկածյալը հանրությանը հայտնի «ատամներով ծանրություն քաշողն» է

Հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է  shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 65-ամյա Ռաֆայել Ա.-ն է, ով՝ ըստ բժիշկների հայտնածի, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ:  

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել դեկտեմբերի 29-ին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, ոմն Աշոտի կողմից, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, իր բնակարանում ստորացնելու եղանակով դաժան ծեծի է ենթարկել Ռաֆայել Ա.-ին, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել:  

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում մարմնական վնասվածք պատճառելու փաստով նախապատրաստված նյութերը՝ ըստ ենթակայության, փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժին:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ռաֆայել Ա.-ին դաժան ծեծի ենթարկած ոմն Աշոտը հանրությանը հայտնի է ատամներով տարբեր ծանրություններ, տրանսպորտային միջոցներ քաշելու ունակությամբ: Հայտնի չէ՝ արդյոք ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հայտնաբերվե՞լ է Ռաֆայել Ա.-ին դաժան ծեծի ենթարկողը: 

  • Կիսվել: