հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Գերակա է մնում բուժսպասարկման որակի բարելավման խնդիրը

«Հայաստանի Հանրապետություն». Գերակա է մնում բուժսպասարկման որակի բարելավման խնդիրը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկում է որպես ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկը` փորձելով ցրել հանրության շրջանում գոյություն ունեցող այն թյուր կարծիքը, թե «արատավոր որոշ երեւույթներ կարող են ստվերել համակարգի հեղինակությունը»: Գերատեսչության ղեկավարը, նախօրեին լրագրողների հետ կայացած հանդիպմանն ամփոփելով 2019 թ. եւ նախանշելով ընթացիկ տարվա առաջնահերթ խնդիրները, որոշակի տեղեկություններ հաղորդեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձավ իրականացվող բարեփոխումներին ու համակարգի զարգացման միտումներին:   

Ըստ Ա. Բաղրյանի, 2019 թ. առողջապահության նախարարությունն իր գործունեությունն իրականացրել է 17 բուժհիմնարկների միջոցով, որոնցից 7-ը շրջանայինի կարգավիճակ ունեն: Անցյալ տարվանից վերակազմակերպման կարգով հանրապետական բժշկական կենտրոնին է միացվել ուռուցքաբանական դիսպանսերը,  իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը «ձուլվել» է «Արեւիկ» մանկական բուժմիավորմանը: Արդյունքում  ապահովվել է բուժսպասարկման մատչելիություն, որակի բարձրացում, հնարավորությունների ու ներուժի արդյունավետ տնօրինում եւ նպատակային ֆինանսավորում:

Նախարարը 2019-ի նշանակալի ձեռքբերումներից համարեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի շահագործումը, որը համալրվել է շուրջ 365 մլն դրամ գումարի բժշկական սարքավորումներով, անհրաժեշտ գույքով եւ պարագաներով: Բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու արդիական բժշկական սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը: Պետական միջոցներով այն կահավորվել է, ձեռք է բերվել համապատասխան գույք: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ սկսվել են Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վերանորոգման, բուժսարքավորումներով համալրման ու կահավորման աշխատանքները: Նախատեսվում է բաժանմունքը շահագործման հանձնել 2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Անցյալ տարի պետական միջոցներով վերանորոգվել են նաեւ Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի շենքի  շուրջ 1000 քմ մակերեսով երկրորդ հարկը` մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական համալիրը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը, ապահովվել համապատասխան գույքով: Սկսված է Քարվաճառի շրջանային բուժմիավորման համար նոր մասնաշենքի կառուցման գործընթացը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: