շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 մարդ, իսկ օդափոխության սարքին միացվածներից մեկը 27 տարեկան է. Թորոսյան

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 մարդ, իսկ օդափոխության սարքին միացվածներից մեկը 27 տարեկան է. Թորոսյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է 1523 դեպք;

Նա նաև ասաց, որ առողջացել է 26 մարդ, իսկ ներկայումս փաստացի բուժում է ստանում 840 մարդ։ Ընդհանուր առմամբ, ըստ Թորոսյանի, առողջացել է 659 քաղաքացի։

Նշվեց նաև, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 24 քաղաքացի։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 մարդ,  թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի:

«Նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր: Բժիշկները  ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել»,- ասաց նախարարը։

Առողջապահության նախարարի խոսքով, աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում են ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով էլ, ըստ նրա, դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսեն այլ տարբերակի անցնելու մասին, մասնավորապես, երբ թեթև դեպքերով հիվանդները տանը կմնան։

«Դեռ բոլորին հոսպիտալացնում ենք, իսկ շատ թեթև ախտանիշներով մարդկանց պահում ենք հյուրանոցային պայմաններում։ Հաշվի առնելով տնտեսական գործունեության որոշ տեսակների թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք և բոլոր գործողությունները շարունակենք: Այսինքն՝ թուլանալու ու զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»,- նշեց Արսեն Թորոսյանը։

 

 

  • Կիսվել: