շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թրաֆիքինգի սխեմա կարող է լինել․ պատգամավորը՝ ՀՀ-ում աշխատող հնդիկների մասին

Թրաֆիքինգի սխեմա կարող է լինել․ պատգամավորը՝ ՀՀ-ում աշխատող հնդիկների մասին

Հայաստանում ներկայում տարբեր ոլորտներում աշխատող հազարավոր հնդիկների հարցում կարող է ոչ միայն կոռուպցիոն, այլև թրաֆիքինգային սխեմա գործել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ հարցում է արել ՊԵԿ-ին, իր հարցմանը ստացված պատասխանի համաձայն՝ Հնդկաստանից Հայաստան 2023թ․ ներգնա աշխատանքի է եկել 1106 քաղաքացի, մինչդեռ միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ին Հնդկաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 25 հազար մարդ։

«Սկուտեր քշողներն առնվազն էդ 1106-ից մի 10-ն անգամ ավելի են, շինարարությունում ինչքան են աշխատում, էդ մարդիկ Հայասստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինել, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա կարող է լինել»,-նշեց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Հնդկաստանում մարդկանց հավաքագրում են, գալիս են Հայաստան, Հայաստանում նրանց աշխատանքով են ապահովում՝ առանց մի լումա հարկ վճարելու։

Նա հարց հնչեցրեց՝ եթե կառավարությունը ջանասիրաբար ուզում է հարկել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին, ինչո՞ւ նույն ջանասիրությունը գործի չի դնում Հայաստան խոպան եկածների նկատմամբ։

«Առերևույթ սա խոշոր ընդհատակյա բիզնես է»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  բարձրացված հարցը լեգիտիմ համարելով:

Նա նշեց՝ ամեն ինչ պետք է արվի այդ մարդկանց հարկային դաշտ բերելու համար։

Արթուր Խաչատրյանը շարունակեց իր հարցադրումը՝ շեշտելով՝ Հնդկաստանում պետք է հավաքագրման հատուկ կետեր լինեն՝ այդ մարդկանց Հայաստան ուղարկելու համար, նմանապես մեզ մոտ պետք է ընդունման կետեր լինեն։

Փաշինյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրման, նշեց՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում աշխատանք կա։ Այնպես չէ, որ բոլորն իրենց սրտի աշխատանքը կարող են գտնել, բայց, ըստ գործադիրի ղեկավարի, խոպան մեկնելն ինչ-որ առումով իներցիա է դարձել։

 

 

  • Կիսվել: