երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Տոնական միջոցառում՝ անազատության մեջ գտնվող կանանց և նրանց երեխաների համար

Տոնական միջոցառում՝ անազատության մեջ գտնվող կանանց և նրանց երեխաների համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի կողմից կազմակերպվել էր ազատազրկված կանանց հանդիպումն իրենց երեխաների հետ։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։

Ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստվել էր նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու էին եկել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել էին շապիկներ և գլխարկներ՝ հնարավորություն տալով դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։

Ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները՝ որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։

 

  • Կիսվել: