երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի. թիվ 94 մանկապարտեզի դայակ–դաստիարակների բողոքը

Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի. թիվ 94 մանկապարտեզի դայակ–դաստիարակների բողոքը

Այո, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, բայց ես դիմումը նախապես չեմ գրել, տնօրենն է ասել՝ դիմում գրի, ես արցունքն աչքերիս այստեղից հեռացել եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի թիվ 94 մանկապարտեզի դաստիարակներից մեկը, ով չցանկացավ տեսախցիկների առջև խոսել։

«Խմբի բոլոր ծնողները 20 հոգով մտել են տնօրենի աշխատասենյակ և փորձել են հասկանալ, թե ինչու է դաստիարակը հեռացել։ Տնօրենն ասել է, որ ինքն է դիմում գրել։ Դրանից հետո տնօրենն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ դիմում ես գրել, ես էլ պատասխանեցի՝ դուք շատ լավ գիտեք պատճառը։ Սա մեկ տարվա կուտակված վիճակ էր, որ պետք է պայթեր։ Նա ինձ բոլորի մոտ ասում էր՝ քո պատճառով մարդիկ դուրս են եկել աշխատանքից, չեն ուզում քեզ հետ աշխատել, մինչդեռ նման բան չկա։ Դրանից ես շատ վիրավորված էի և չեմ պատասխանել իր հեռախոսազանգերին։

Նա ինձ ասում էր՝ եթե ես ձեզ այստեղից դուրս շպրտեմ, ձեզ նույնիսկ մորգում օրգան թափող չեն ընդունի։ Դրանից հետո պարբերաբար մեզ ասվում էր՝ դիմում գրեք և հեռացեք։ Ամեն օր մեր երեսին ասվում էր, որ հներից պետք է ազատվել, որ մեզ փաթաթել են իր վզին, որ ոչ ոք չի ուզում ձեզ հետ աշխատել, դուք խայտառակություն եք, ես ամաչում եմ ձեզ համար»,–ասաց նա։

Մեկ այլ դաստիարակ էլ հավելեց. «Մեզ ասում էր՝ ինձ հետ օրենքով չխոսեք, ես եմ ձեզ օրենք սովորեցրել, դուք օրենք չգիտեք։ Ասում էր՝ ձեզնից կարևոր իմ աթոռն է, դիմումը գրեք, գնացեք։ Հիմա մենք դիմումներ ենք գրել, ոչ ոք չի ցանկանում իր հետ աշխատել»։

Նշենք, որ մանկապարտեզի աշխատակիցներն ու սաների ծնողները պահանջում են, որ տնօրեն Փառանձեմ Միրաբյանը  ազատվի աշխատանքից։ Նրանց այսօր ընդունել են Մալաթիա–Սեբաստիա թաղապետարանում և խոստացել, որ խնդիրը կլուծեն։

  • Կիսվել: