հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

«Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Նազարուկին վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար։

«Ես համոզված եմ, որ այդ տարիները մեծ ներդրում են եղել մեր երկու բարեկամ ժողովրդի կապերի ամրապնդմանը։

Եվ, չնայած տնտեսական հարաբերությունները այն ծավալը չունեն, որ մենք կցանկանայինք ունենալ, բայց հատկապես այն աշխատանքը, որ իրականացվել է նաև Ձեր մեծ ջանքերի շնորհիվ, անպայման կբերի սպասվող արդյունքներին», - ասել է նախարար Խաչատրյանը։

Նա նշել է, որ օրերս աշխատանքային քննարկում է ունեցել իր գործընկեր՝ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժայի հետ, որի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի որոշումների ընթացքը։

Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նա կարևորել է ինչպես երկկողմ համագործակցության ընդլայնումը, այնպես էլ արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով նախարարին իր աշխատանքը բարձր գնահատելու համար՝ միաժամանակ նշել է, որ այդ գնահատականը Բելառուսի դեսպանության ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքն է, նաև հայկական կողմի արժանիքը։

Նա ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության և անձամբ նախարար Խաչատրյանի հետ արդյունավետ համագործակցությունը, նաև նշել նախկին նախարարների հետ աշխատանքը՝ նրանց ևս հայտնելով իր շնորհակալությունը։

Բելառուսի դեսպանն անդրադարձել է Հայաստանում ընթացող և նախանշվող գործարար ծրագրերին, որոնց թվում հիշատակել է հայ-բելառուսական անտառի հիմնումը Սևանա լճի մոտակայքում և կարևորել այդ ուղղությամբ աշխատանքի շարունակականությունը․«Անտառը մարդու, նաև երկրի և մոլորակի թոքերի նկատմամբ հոգատարության դրսևորում է։

Մեր սերունդները կգնահատեն դա։ Եվ կաևոր է, որ մենք դա չենք անում այժմեական հետաքրքրությունների համար, այլ մեր ղեկավարներն ու ժողովրդները հայացք են ուղղում դեպի ապագան», - ասել է Իգոր Նազարուկը:

Ողջունելով որոշակի ընդմիջումից հետո հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վեսկսման գործընթացըը` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում Մինսկում կայանալիք հերթական նիստին կարգանագրվեն նոր հաջողություններ։

«Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի մեր համագործակցության ընթացքը ոչ մի պարագայում չդանդաղի․ միշտ կապի մեջ կլինեմ ինչպես մեր բելառուս գործընկերների, այնպես էլ իմ հայ ընկերների հետ և կշարունակեմ աշխատել հանուն մեր ընդհանուր գործի հաջողության, որպեսզի մեր երկրներն ավելի ուժեղ և անկախ լինեն, իսկ մեր ժողովրդներն ապրեն բարեկեցիկ կյանքով և լինեն պաշտպանված», - իր խոսքը եզրափակել Իգոր Նազարուկը։

Հանդիպման ավարտին, Տիգրան Խաչատրյանը, որպես համատեղ արդյունավետ աշխատանքի գնահատանքի դրսևորում, Իգոր Նազարուկին է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հուշամեդալը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: