ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղահանված արցախցիները վաղվանից բողոքի ակցիաները շարունակելու են նստացույցի տեսքով

Տեղահանված արցախցիները վաղվանից բողոքի ակցիաները շարունակելու են նստացույցի տեսքով

Տեղահանված արցախցիները վաղվանից բողոքի ակցիաները շարունակելու են նստացույցի տեսքով։ Այս մասին այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը՝ հավելելով, որ իրենց բողոքի ակցիաները հիմնականում երկու կարգախոսով են անցկացվելու՝ հայկական կարգավիճակ Արցախի համար և փախստականի կարգավիճակ՝ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածների համար։

 

«Մեր երազանքն առաջին հերթին միացումն է Հայաստանին»,- ասաց նա։ Ըստ Հայրյանի՝ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։ «Մեր հարցերով ոչ ոք չի զբաղվում, ոչ իշխանությունը, ոչ էլ Դիմադրության շաժումը։ Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է հեռանա, ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան է ստորագրել, նույնկերպ պետք է հանձնի իշխանությունը ու գնա։ Դա մեր ազգի համար հրամայական է։ Իսկ Դիմադրության շարժման հարթակում երբեք չհնչեց Արցախի փախստականների մասին հարց, Արցախի անկախության կամ կարգավիճակի հարց։ Ընդհակառակը, անում էին անհասկանալի հայտարարություն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, սա կարգավիճակ չէ, քաղաքական կատեգորիա չէ։ Ինչո՞ւ չեն հայտարարում Արցախի անկախության մասին, որովհետև չեն ուզում նոյեմբերի 9-ի այդ տխրահռչակ որոշմանը դուրս գալ»,- հայտարարեց Լևոն Հայրյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի, Լևոն Հայրյանն ասաց․ «Մեկ անգամ արդեն իջեցրել ենք նշաձողը՝ համաձայնելով միացումի փոխարեն անկախ Արցախի Հանրապետության գաղափարին։ Արցախի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելու ցանկություն հայտնող որևէ քաղաքական գործիչ իրեն հայ համարելու իրավունք չունի։ Միջազգային իրավունքի մեջ հստակ գրված է՝ եթե մի տարածքի ժողովուրդ որոշում է ինքնորոշվել, դա չի վերաբերվում սահմանների անձեռնմխելիությանը։ Սահմանների անձեռնմխելիությունն առաջանում է այն ժամանակ, երբ մի պետություն հարձակվում է մյուսի վրա։ Այսինքն՝ մեր քաղաքական դասը սա իմանալով՝ դիտավորյալ բանակցությունները վարում էր այդ ուղղությամբ, փոխանակ Կոսովոյի նախադեպով միջազգային դատարաններում հայց ներկայացներ և պահանջեր ճանաչել ինքնորոշման իարվունքը»,- նշեց նա։

 

Հայրյանը նաև հավելեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում այսօր պահանջում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հակառակ հայտարարություններով ու գործողություններով են հանդես գալիս։ Որպես օրինակ նա բերեց պատերազմից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունումը։

  • Կիսվել: