երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքները ընթանում են՝ համաձայն ժամանակացույցի և նախատեսված ծրագրի: Քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, տեղում տրվել են նոր նախագծային լուծումներ: Շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Այցի շրջանակում նախատեսված հաջորդ հուշարձանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող Մխիթար սպարապետի գերեզմանն էր: Աշխատանքային խմբի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ Խնձորեսկի պահպանական գոտում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քննարկվել է Խնձորեսկին արգելոց-թանգարանի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Վայոց ձորի մարզի Հորս գյուղ, որտեղ վարչական ղեկավարի հետ դիտարկվել են 13-րդ դարով թվագրվող Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը («Չեսարի դարպաս») և նրա հարակից տարածքում գտնվող եկեղեցին: Վերջինը գտնվում էր կիսավեր վիճակում, մի մասով հատում էր գյուղական նշանակության ճանապարհը, որի արդյունքում քանդվել էր եկեղեցու արևմտյան հատվածը: Մասնագիտական խումբն արձանագրել է պեղումների իրականացման անհրաժեշտությունը, որից հետո թանգարանացման ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ձեռք բերել կառույցների միասնական վերականգնման նախագիծը՝ հուշարձանը վերականգնելու նպատակով:

  • Կիսվել: