շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃԵԿ խախտումների վճարման համար քաղաքացիների համար կնախատեսվի բոնուսային համակարգ, կնվազեցվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը․ առաջին ընթերցմամբ նախագծերն արժանացել են հավանության

ՃԵԿ խախտումների վճարման համար քաղաքացիների համար կնախատեսվի բոնուսային համակարգ, կնվազեցվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը․ առաջին ընթերցմամբ նախագծերն արժանացել են հավանության

Փետրվարի 6-ին և 7-ին Ազգային ժողովի հերթական նիստերում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է՝

+ օգտագործելով թվային լուծումները և քաղաքացիներին բերելով թվայնացման դաշտ՝ նվազեցնել տեսախցիկներով և արագաչափերով արձանագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքները 20 տոկոսով՝ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը Roadpolice.am կայքով տրամադրված էլեկտրոնային փոստով ստանալու դեպքում՝ ներկայիս թղթային ծանուցման փոխարեն։

+ խթանելով քաղաքացիների պատշաճ վարքագիծը և ապահովելով պետական համակարգի մարմինների ռեսուրսների խնայումը՝ նվազեցնել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում սահմանված տուգանքը 30 տոկոսով, որով քաղաքացու տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի:

+ մինչև սույն օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կատարված վարչական իրավախախտումների դեպքում պարտավորությունը համարել ամբողջությամբ կատարված, եթե վճարվել է նշանակված տուգանքի 50 տոկոսը և դրան համահունչ կատարողական ծախսը:

+ նվազեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ նախատեսելով Ոստիկանության ակտերով գրավոր ընթացակարգով գործի քննություն:

+ ոստիկանությանը վերաբերող վարչական ակտերի մասով անհիմն բողոքարկումներով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և վերադաս վարչարարության կարգով բողոքարկման պատշաճ, զտող մեխանիզմներ ապահովելու համար՝ նախատեսել աստիճանակարգությամբ վարչական վերադասության կարգով բողոքարկման կառուցակարգը, ինչից հետո միայն կհաջորդի դատական կարգով բողոքարկումը։

Բոլոր փոփոխություններն առաջարկվել են հավասարակշռելով մի կողմից մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորումը, մյուս կողմից վարչական մարմինների, դատարանների ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:

Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարեւորել են առաջարկվող փոփոխությունները, նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարեւորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարեւորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ազգային ժողովում թեմայի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։
Առաջին ընթերցմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել:

Հարգելի՛ քաղաքացիներ, նշենք, որ օրենքի վերջնական տեսքի առկայության դեպքում երկրորդ ընթերցմանն ընդառաջ՝ հոլովակների միջոցով քաղաքացիներին առավել հանրամատչելի կներկայացվեն Roadpolice.am կայքով էլեկտրոնային փոստ տրամադրելու և նվազեցման կարգի վերաբերյալ մանրամասներ, որոնք թույլ կտան օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում կանխատեսելի դարձնել ամբողջ գործընթացը։

  • Կիսվել: