ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու ճանապարհը չմաքրելու հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանն ու ավագ տեսուչ Էդգար Սադյանը: Վթարի վայրով անցնելիս շտապօգնության ավտոմեքենան կանգնեց և իր օգնությունն առաջարկեց վարորդին, սակայն վերջինս հայտնեց, որ ինքը մենակ է եղել և վնասվածքներ չի ստացել: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Այս պահին էլ նշված հատվածում տեղում է ուժեղ ձյուն, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ: 

  • Կիսվել: