չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման. Գալյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման. Գալյան

Այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ն ենթակա է փակման, նորություն չէ մեզ համար, մենք ենք ասել դա և նման հանձնառություն ենք ստանձնել։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն 2 տարի է կամ մի փոքր ավել, որ մենք խոսում ենք նոր ՔԿՀ կառուցելու մասին, որը գալու է փոխարինելու «Նուբարաշեն» ՔԿՀ–ին։ Մենք հենց այսօր վերջնականացրել ենք քննարկումները, թե ինչ եղանակով ենք կառուցելու այն։ Առաջիկայում ականատես կլինեք կատարվող քայլերին։ Հիմա ո՞ւր եք առաջարկում տանել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվողներին, եթե ձեր իշխանության օրոք բավարար չափով ՔԿՀ–ներ չեն կառուցվել։

Ինչ վերաբերում է «Արթիկ» ՔԿՀ–ին, դրա մի քանի հարկը վերանորոգվել է։ Վերանորոգվել է նաև «Աբովյան» ՔԿՀ–ն, «Վանաձոր» ՔԿՀ–ն, «Գորիս» ՔԿՀ–ն։ Եթե ուզում եք տեսնել մինչ վերանորոգումը եղած պատկերը և դրանից հետո, հրավիրում եմ ձեզ շրջայցի։

Էդ որ ասում եք՝ փորձը ցույց է տալիս, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում, էդ ո՞ր փորձն է ցույց տալիս։ Ուսումնասիրե՞լ եք, քանի հոգի է օրինակ, այս տարի այդ ձևով ազատվել պատժից։ Ես կասեմ՝ 178 անձ վաղաժամկետ ազատվել է պատժից»։

Հարցին՝ արդյոք պատրաստվում են ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ, Գալյանը կարճ պատասխանել է. «Ոչ»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Լիանա Գասպարյանը նկատել է. «2026–ի առաջին կիսամյակում եղել է 1683 դատապարտյալ, փոխարենը 2025–ի առաջին կիսամյակից հետո ավելացել է 283–ով»։

Իր հերթին նախարարն ընդդիմադիր պատգամավորին հրավիրել է ՔԿՀ–ներ շրջայցի։

  • Կիսվել: