Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ. ներգրավված է 230 փրկարար
Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Որոնողափրկարարական միջոցառումները ինտենսիվորեն շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 3 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն եւս 2 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։