երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում կրակի տարածումը կասեցվել է. տուժածներ չկան

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում կրակի տարածումը կասեցվել է. տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09:40-ին ահազանգ էր ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: 

«Լուրերի» թղթակից Նիկոլայ Ավետիսյանը դեպքի վայրից հաղորդեց՝ հրդեհը ծագել է գյուղատնտեսական և շինանյութերի պահեստում:

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 16 մարտական հաշվարկ, 2 սանդուղք, նաև ոստիկանության ծառայողներ:

«Անմիջապես կասեցվել է կրակի տարածումը հարակից տարածքներ: Տուժած անձինք չկան։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, որոնց առաջին օգնություն է ցույց տրվել: Այս պահին աշխատում է շուրջ 140 հրշեջ ծառայող, գումարած ոստիկաններ»,- հայտնեց Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ է պահվել պահեստային տարածքում՝  ՆԳ նախարարության մամուլի քարտուղարը հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պահվել են տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերք, շինարարական ապրանքներ, ջրի պլաստիկե տարաներ:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները պահեստային տարածքում շարունակվում են: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: 

Ըստ նախնական տվյալի՝ հրդեհը բռնկվել է 25 հազար քմ մակերեսով պահեստի 6 հազար քմ հատվածում։

  • Կիսվել: