երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Տավուշում հանրակրթական նոր չափորոշչի փորձարկման արդյունքն աննախադեպ է․ մանրամասնում է փոխնախարարը

Տավուշում հանրակրթական նոր չափորոշչի փորձարկման արդյունքն աննախադեպ է․ մանրամասնում է փոխնախարարը

Միջազգային փորձագետներն աննախադեպ են համարել Տավուշի մարզում հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման արդյունքում արձանագրված ցուցանիշը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում դեռ 2021 թվականից են մեկնարկել  հանրակրթության պետական չափորոշչի փորձնական ներդրման աշխատանքները։

«Մեզ համար շատ կարևոր էր հասկանալ, թե ինչ արդյունքներ է ապահովում նոր չափորոշիչը և արդյոք այն հնարավորություն է տալիս կրթության որակական փոփոխություններ գրանցել։ Քանի որ հատկապես ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա)  առարկաների մասով նոր չափորոշչի թե՛ մշակման, և թե՛ փորձարարական ներդրման ծրագիրն իրականացվել է Եվրամիության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, վերջինիս կողմից նախաձեռնվել էր երկամյա փորձարարական ներդրման արդյունքների գնահատման գործընթաց միջազգային անկախ փորձագետների կողմից։ Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այդ անկախ զեկույցի հրապարակմանը և դրա արդյունքներին։

Մեզ համար շատ ոգևորիչ արդյունքներ են գրանցվել, որովհետև երկու տարվա ընթացքում՝ ի համեմատ մյուս մարզերի դասարաններում սովորող երեխաների, Տավուշի մարզի երեխաների մոտ վեց ամսվա տարբերությամբ ավել դինամիկա է գրանցվել»,-մանրամասնել է Սվաջյանը։

8D1A4528.jpg (506 KB)

Նրա խոսքով՝ հետազոտությունը, որն իրականացվել է Հայաստանում մարդկային կապիտալի, ինչպես նաև կրթության ուղղությամբ, ցույց է տվել, որ 12-ամյա կրթության ընթացքում երեխաներն արդյունավետ օգտագործում են իրենց 8 տարին։

Տավուշի մարզի փորձարկումը ցույց է տվել, որ երկու տարվա ընթացքում 6 ամսվա չափով աճ է գրանցվել սովորողների մոտ, ինչը միջազգային փորձագետների հավաստիացմամբ, աննախադեպ ցուցանիշ է, քանի որ բոլոր այն երկրները, որտեղ առաջընթաց է գրանցվում, ըստ փորձագետների, այդ ցուցանիշը մոտ երեք ամսվա է  ակնկալվում։

Փոխնախարարն ընդգծել է, որ համավարակի, պատերազմական և հաջորդած դժվարին իրավիճակի ընթացքում մշակված և իրականացված ծրագրի նման արդյունքն իրականություն է դարձել ԿԳՄՍ նախարարության, ուսուցիչների շնորհիվ՝ միջազգային փորձագետների ու գործընկերների աջակցությամբ։

8D1A4640.jpg (423 KB)

«Իհարկե սա ոգևորում է, բայց մենք չենք կարող հանգիստ լինել և մտածել, որ մեզ մոտ աճ է գրանցվում, նշանակում է ամեն ինչ լավ է։ Այդ վերլուծությունը վկայում է նաև այն մասին, որ այստեղ հետևողական, մանրամասն աշխատանք է անհրաժեշտ իրականացնել։ Տավուշի մարզում մենք ունենք այս հաջողությունը, որովհետև մեծածավալ դասընթացներ են իրականացվել, բնագիտական լաբորատորիաներով են ապահովվել դպրոցները, այսինքն՝ բոլոր այն գործոնները, որոնք անդրադառնում են կրթության որակի վրա,  մենք փորձել ենք ապահովել»,-ասաց Սվաջյանը՝ ավելացնելով, որ այժմ նոր չափորոշչի  ներդրման  գործընթացն իրականացվում է հանրապետության բոլոր մարզերի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, և  հետևողական աշխատանքներ են տարվում  բոլոր ուղղություններով, որպեսզի աճ գրանցվի նաև այս կրթօջախներում։

Մյուս ուսումնական տարում չափորոշիչը կներդրվի նաև  3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում և հաջորդաբար արդեն մյուս դասարաններում ևս։

Սվաջյանը նշեց, որ այս տարի Տավուշի մարզում նոր կրթական չափորոշչով ավարտող սովորողներ կան 4-րդ, 9-րդ,  10-րդ դասարաններում և աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նրանց կրթական մակարդակի ատեստավորման գործընթացը համապատասխան ձևաչափով իրականացվի։

8D1A4690.jpg (476 KB)

«Օրինակ, քանի որ նոր չափորոշչի ներդրման կարևոր բաղադրիչներից մեկը երեխաների հետազոտական, ստեղծագործական քննադատական մտածողության զարգացումն է։ Տավուշի մարզում բնագիտական առարկաների քննությունը, որը ստանդարտ թեստի միջոցով էր, մենք հիմա հնարավորություն ենք տվել երկու ձևով իրականացնել․ մի դեպքում սովորողները կարող են ընտրել նախագծային աշխատանք, ինչը նաև հնարավորություն է տալիս ինտեգրել գիտելիքները, միջառարկայական կապեր ստեղծել և իրենց հետազոտությունները կատարել մի քանի առարկայի շրջանակում, մյուս կողմից՝ կրկին թեստային ճանապարհով, առաջարկվում է սովորողների գիտելիքների ստուգում իրականացնել ոչ միայն տեսական հարցերով, այլ՝ շուրջ 20-30 տոկոսը կլինեն գործնական առաջադրանքներ՝ կապված լաբորատոր աշխատանքների հետ»,-պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ հնարավորություն է ընձեռվելու մասնակցել թե՛ նոր, թե՛ հին ձևաչափով քննությունների։

Բացի այդ՝ երկու քննություններից որպես ընդունելության ցուցանիշ կպահպանվի այն գնահատականը, որն ավելի բարձր է։

Անդրադառնալով նոր չափորոշչի ներդրման համար ուսումնանյութական բազայի առկայության հարցին՝ Սվաջյանը նկատեց, որ նոր չափորոշիչը պահանջում է ոչ միայն միջավայրային պայմանների,  ուսումնալաբորատոր բազայի ապահովում։

8D1A4600.jpg (473 KB)

Նա կարևորեց բնագիտաճարտարագիտական լաբորատորիաների առկայությունը։  Մասնավորապես, Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը զուգահեռ  ապահովվել են նաև լաբորատորիաները։ Կառավարության համապատասխան ծրագրով անցած տարվա ընթացքում լաբորատոր սարքավորումներ են ստացել Արմավիրի մարզի բոլոր դպրոցները, իսկ այս տարի սարքավորումներ ձեռք կբերվեն Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզի դպրոցների համար։ Բոլոր դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2026 թվականը։

Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ վերապատրաստումներ, լաբորատորիաների կիրառման մեթոդական ձեռնարկների, ուղեցույցներ մշակում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ուսուցիչների կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի համատեքստում առանձնացրեց նաև ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ձևաչափի փոփոխությունն ընթացիկ տարվանից։ Դրանով կապահովվի ուսուցիչների զարգացման քառաստիճան համակարգ։  

Վերապատրաստումները կիրականացվեն ուսուցչի ինքնագնահատման ու տնօրենի կողմից գնահատման արդյունքում ստացված վերջնական եզրակացության հիման վրա, ըստ որի կարձանագրվի զարգացման կարիքի մակարդակն ու  հստակ կլինի, թե ինչպիսի վերապատրաստում նա պետք է անցնի։

  • Կիսվել: