ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Տավուշում ամսական արտադրվում է մոտ 10 միլիոն դիմակ. մարզպետ

Տավուշում ամսական արտադրվում է մոտ 10 միլիոն դիմակ. մարզպետ

Հունիսի 9-ին Տավուշի մարզում բացվել է առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ այն Դիլիջանի «Իրվինգ» բժկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հիվանդի ստացիոնար, ևս հինգ հիվանդի՝ վերականգնողական ծառայությունում։

«Համոզված եմ, որ բարձր որակի ծառայություն կմատուցվի»,- նշեց նա։

Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում կա 133 վարակակիր, նրանցից 26-ը գտնվում է բժշկական հաստատություններում, մեկուսացված է շուրջ 600 քաղաքացի։

«Խոշոր օջախներ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», և անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում: Վարակվածները մեկուսացվել են, և դրանից հետո գործարանում էական փոփոխություններ չունենք: Գործարանն աշխատում է բնականոն հունով»,- նշեց Չոբանյանը:

Մարզպետը նշեց նաև, որ մարզում կարողանում են հսկել, որ մասսայական միջոցառումներ չիրականացվեն։ Նա շնորհակալություն հայտնեց համայնքապետերին ու ոստիկանությանը՝ այդ հարցում աջակցելու համար։

Հարցին, թե «Տավուշ տեքստիլ»-ում որքա՞ն դիմակ է արտադրվում, Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ամսական արտադրվում է մոտ 10 միլիոն դիմակ։

«Շուտով Հայաստան կներկրվի ևս երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: