հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական ծառայություններն ամփոփել են մայիսին իրականացված աշխատանքները

Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական ծառայություններն ամփոփել են մայիսին իրականացված աշխատանքները

ՆԳՆ ՓԾ Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մայիս ամսվա ընթացքում մարզերի մի շարք բնակավայրերում, ուսումնական հաստատություններում անց են կացվել ուսումնավարժանքներ և դասընթացներ:
 
Մասնավորապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Հովք, Աղավնավանք, Խաչարձան և Բերդ համայնքի Նավուր բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:
 
«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ են անցկացվել Դիլիջան համայնքի Խաչարձան և Հաղարծին բնակավայրերի, Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի և Նոյեմբերյան համայնքի Ջուջևան, Պտղավան, Ոսկեպար բնակավայրերի միջնակարգ դպրոցներում:
 
 
Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է Տավուշի մարզպետարանի անցկացրած «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որը ղեկավարում էր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, իսկ ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը։
 
Շտաբային ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի տեսական գիտելիքները սողանքի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև ստուգել «Արտակարգ իրավիճակներում ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսությունը։
 
 
Ուսումնավարժությանը ներգրավված էին Տավուշի մարզային փրկարարական և ոստիկանության վարչությունները, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու աշխատակիցները, Իջևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները:
 
Տավուշի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված «Լանդշաֆտային հրդեհների մարում» թեմայով վերապատրաստման դասընթացներին, որոնց շրջանակներում Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում համատեղ անց են կացրել գործնական պարապմունք:
 
Իրականացվող միջոցառումների շրջանակներում Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում ծառայողների կողմից Դիլիջանի միջազգային ավագ և ABS դպրոցների ուսուցչական կազմի և աշակերտների համար կազմակերպվել էր ճանաչողական այց, որի շրջանակներում հրշեջ-փրկարարները վերջիններիս ծանոթացրել են հրշեջ-փրկարարական գույքին, սարքավորումներին և տեխնիկային, ցուցադրել դեպքերի արձագանքման ժամանակ օգտագործվող հրշեջ-փրկարարական գույքի առանձնահատկությունները և հրշեջ տեխնիկայի հնարավորությունները:
 
Կոտայքի մարզի «Հրազդանի Հ.Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը ուսումնական հաստատություններում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
 
 
Չարենցավան քաղաքի «Հրաշք» մանկապարտեզում, «Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 հիմնական դպրոց», «Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանքներ, միևնույն ժամանակ համանուն թեմայով դասընթացներ են անցկացվել «Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում: Անցկացվող միջոցառումների շրջանակներում «Երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ են անցկացվել «Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց», «Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» և «Արզականի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-երում:
Նմանատիպ միջոցառումները կրում են պարբերական բնույթ:

  • Կիսվել: