ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը

Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը

Տաթևում հունիսի 24-ին և 25-ին կկայանա Սյունիքի պատմության և լեգենդների մասին պատմող «Սարերում» զբոսաշրջային փառատոնը: Հրավիրված «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանը նշեց, որ միջոցառման ծրագիրը ներառում է  ներկայացումներ Սյունիքի մարզի նշանակալի իրադարձությունների և ականավոր գործիչների մասին։

«Նպատակն այն է, որ բեմադրությունների միջոցով ներկայացվեն Սյունիքի նշանակալի պատմական դեպքերը: Փառատոնը բաղկացած է լինելու երկու հատվածից: Մեկը նվիրված է լինելու պատմական իրադարձություններին, որոնք ներկայացվելու են ինտերակտիվ բեմադրությամբ: Բացի այդ, տեղի դերասանները կբեմադրեն Օրբելյան ազնվական ընտանիքի հետ միջնադարյան ճաշկերույթի թատերական վերարտադրությունը: Մյուս բաժինը ճանաչողական շրջայցերն են»,-ասաց Անի Դավթյանը:

Փառատոնի երկու օրերի ընթացքում այցելուները Տաթևի վանքի մոտ կկարողանան մասնակցել Սյունիքի պատմական կարևոր իրադարձությունների մասին ներկայացումներին, ինչպես նաև տեսնել 17-րդ դարի վերականգնված կյանքը Հին Հալիձոր գյուղում: Հանդիսատեսը կկարողանա մասնակցել նաև ազգային խաղերին և պարերին։

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ կկազմակերպվի տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները կցուցադրեն տարածաշրջանի համար ավանդական արհեստները և այցելուների համար կանցկացվեն վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։

Փառատոնի տարածքում կգործեն սննդի գոտի, զվարճանքի և խաղերի լայն ընտրությամբ մանկական տարածք: Այցելուներին հասանելի կլինեն նաև շրջայցեր դեպի Տաթևի տարածաշրջանի տեսարժան վայրեր:

«Այս միջոցառումն առաջին անգամ է անցկացվում, Հայաստանում այդպիսի փառատոն տեղի չի ունեցել: Շեշտը դրվում է ինտերակտիվ ներկայացումների վրա, որը հնարավորություն կտա մաս կազմել իրականացվող միջոցառումներին: Շատ կարևոր են մարզերում նման զբոսաշրջային փառատոններ անցկացնելը: Այն յուրահատուկ գործիք է զբոսաշրջային հոսքը, այս դեպքում, Սյունիքի մարզ ուղղորդելու համար»,-ասաց Անի Դավթյանը:

Նրա խոսքով, այցելության առումով ակնկալիքները մեծ են: Դեռ տարվա սկզբին աշխատանք է տարվում զբոսաշրջային կազմակերպությունների հետ, հետաքրքրությունը շատ մեծ է, իրենք նույնպես ցանկանում են մարզային այցերում նոր շեշտադրումներ ավելացնել:

Փառատոնի մուտքն անվճար է։

  • Կիսվել: