երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՏԱՍՍ-ի պնդումը սխալ է. Փաշինյանի կուսակցության ստացած քվեները բավարար են կառավարություն ձևավորելու համար․ FIP

ՏԱՍՍ-ի պնդումը սխալ է. Փաշինյանի կուսակցության ստացած քվեները բավարար են կառավարություն ձևավորելու համար․ FIP

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունն այսօր՝ հունիսի 21-ին, գրել է, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը չբավարարեց ձայների 0․08 տոկոսը` միայնակ կառավարություն ձևավորելու համար։

Լրատվականը, հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքներին, նշում է, որ վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է 53․92 տոկոս ձայն, որը բավարար չէ միայնակ կառավարություն կազմելու համար։

«5-րդ ալիքը» ժամը 12։30-ի լուրերի իր թողարկմանը մեջբերում է Տասս լրատվականի պնդումը, որ ՔՊ-ն չի կարող միայնակ կառավարություն ձևավորել։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ամփոփելով ընտրությունների արդյունքները, ներկայացնում է, թե որ ուժերը և ինչ համամասնությամբ են անցել խորհրդարան, և արդյո՞ք ՔՊ-ն կստանա բավարար մանդատներ կառավարություն ձևավորելու համար: 

Ընտրությունների նախնական արդյունքները

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություններ և 4 դաշինքներ: Ընտրացուցակներում ընդգրկված 2,593,572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1,281,174-ը կամ 49.4 տոկոսը։

ԿԸՀ-ի կողմից հրապարակված բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687,251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268,165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50,419 (3.95%), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38,713 (3,04%), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19,674 (1.54%), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15,557 (1.22%) և այն։

Նշենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոսն է, դաշինքների համար՝ 7 տոկոսը։

Ո՞ր ուժերն են անցնում խորհրդարան և ի՞նչ համամասնությամբ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ամփոփված նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53․92 տոկոսով:

Ընտրական օրենսգրքի 95-րդ և 96-րդ հոդվածի համաձայն (Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը)՝ եթե քվեարկության արդյունքների թվերը էապես չփոխվի, ապա Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր: 

ՔՊ-ն ունենալու է մանդատների ընդհանուր թվի շուրջ ⅔-ը, այսինքն՝ կստանա 71  մանդատ, որը բավարար է ոչ միայն կառավարության ձևավորման համար, այլև որպես ԱԺ մեծամասնություն՝ նաև սահմանադրական օրենքներ փոխելու համար։  

Ըստ հրապարակված տվյալների՝ երկրորդը՝ 21․04 տոկոսով, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, որը կստանա 29 մանդատ (այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից մեկը, նաև լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմության մանդատները 1/3-ից պակաս չլինեն) ։

Երրորդը՝ Հանրապետական և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5․23 տոկոսով։ Դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոսը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

3 տոկոսից ավելի շատ ձայն են ստացել, բայց խորհրդարան չեն մտնի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 3․96 տոկոսով, և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3․04 տոկոսով:

Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները 2 տոկոսից քիչ են:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՏԱՍՍ լրատվականի պնդումը, թե  ընտրություններում Փաշինյանի կուսակցությանը միայնակ կառավարություն ձևավորելու համար չբավարարեց ձայների 0․08 տոկոսը, սխալ է։ 

  • Կիսվել: