կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Գարուն Սարգսյանը, Վահե Արսենը, Բեթինա Վյորմանը: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Թվում էր՝ անկախության տարիների առաջին ժամանակամիջոցում թարգմանչական արվեստը պետք է հետ ընկներ, որովհետև տպագրական, հրատարակչական գործը դժվարությունների էր հանդիպել, բայց հետագա տարիներին զարմանալիորեն բուռն վերելք ապրեց: Բազմաթիվ լեզուներից հայերեն թարգմանվեցին նախորդ դարերի լավագույն գեղարվեստական, պատմագիտական, արվեստագիտական գրքերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում մեր երկրում հայ գրականությունն է թարգմանվում այլ լեզուներով՝ շվեդերեն, իսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն: Հրատարակվել են հարյուրավոր գրքեր, երկլեզու, եռալեզու ալբոմներ, որոնք ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում:

«Այս տարվա մրցանակակիրներից Բեթինա Վյորմանը Շտուտգարտում հրատարակեց ժամանակակից հայ բանաստեղծների 450 էջանոց մի հատոր, հսկա գործ, որն արել է վերջին տարիներին: Վերջին տասնամյակներում սա յուրահատուկ աշխատանք է, որով պետք է հպարտանանք»,-շեշտեց միության նախագահը:

Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ երկու տարի առաջ հանդիպել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի հետ ու որոշել են հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա լույս ընծայել: Ընտրվել են հեղինակներ և՛ հին, և՛ նոր սերնդից: «Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,-նշեց Վյորմանը:

Կարլեն Մատինյանը մոտավորապես երեսուն գիրք է թարգմանել, որոնցից երեքը հայերենից գերմաներեն: «Տարբեր գրքերի հետ կապված հետաքրքիր զգացողություններ եմ ունենում. երբ թարգմանում էի «Օծանելիքը», որը հոգեբանական է, իսկ լեզուն կախարդական, զարմանում էի: Վերջերս թարգմանում էի «Մայրաքաղաք» գիրքը, որը Գերմանիայում հայտնի է. ակնհայտ տեսնում ենք Եվրամիության ներքին խոհանոցը, այն շատ հետաքրքիր է: Մենք բազմաթիվ նոր բաներ ենք բացահայտում: Ընկերոջս՝ Արա Առաքելյանի հետ թարգմանում ենք Կաֆկայի հինգհատորյակը: Ինձ ցնցում են նրա նամակները, որոնք շատ զգացմունքային են ու խորը»,-պատմեց նա ու հավելեց՝ թարգմանական արվեստը ժողովուրդներին կապող ամենամեծ կամուրջն է:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

  • Կիսվել: